Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) 2024 թվականի զեկույցում Վրաստանի օկուպացված տարածքների բռնակցմանն ուղղված գործընթացների հատվածում անդրադարձ կա Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար ռազմական բազայի կառուցմանը:
ՊԱԾ-ը ենթադրում է, որ այնտեղ ընթացող գործընթացներն «ուղղակիորեն կապված չեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար մշտական բազայի ստեղծման հետ»։ Ըստ ՊԱԾ-ի վարկածի՝ «ընթացող գործընթացը, հավանաբար, ներկայացնում են, այսպես կոչված՝ կոնտեյներային նավագնացության տերմինալի կառուցման շրջանակներում իրականացվող գործողություններ»։
Ուշագրավ է, որ 2023 թվականի զեկույցում ՊԱԾ-ը կասկածելի էր համարել, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը կկարողանան մեծ ռազմանավեր տեղակայել Օչամչիրեի նավահանգստում՝ ջրային տարածքի փոքր չափերի և ենթակառուցվածքների դժվարին վիճակի պատճառով, չնայած նշել էր, որ այստեղ ռազմական նավահանգստի կառուցումը կավելացնի Ռուսաստանի կողմից Աբխազիան որպես Սև ծովի ռազմաստրատեգիական վերահսկողության լրացուցիչ լծակ օգտագործելու հնարավորությունները։
2024 թվականի հունվարին օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար և դե ֆակտո հանրապետության «անվտանգության խորհրդի» քարտուղար Սերգեյ Շամբան ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում խոսել էր Օչամչիրեում ռուսական ռազմածովային բազայի կառուցման և դրա 2024 թվականին շահագործման հանձնելու հեռանկարի մասին: Ավելի ուշ՝ 2024 թվականի օգոստոսին, նա բացառել էր Աբխազիայում ռուսական ռազմածովային բազայի կառուցումը:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) սահմանապահ նավերի բազան Օչամչիրեում գոյություն ունի 2017 թվականից: Այն տեղեկությունը, որ Մոսկվան հետաքրքրված էր Աբխազիայում նոր ռազմածովային բազայի հիմնմամբ՝ հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմում ռուսական ռազմական նավատորմի կորուստները, հայտնի դարձավ 2023 թվականի հոկտեմբերին:
Ուկրաինայում պատերազմից առաջ Ռուսաստանը Աբխազիայում նավատորմ չուներ։ Սևծովյան նավատորմի հիմնական բազաները գտնվում էին բռնակցված Ղրիմում (Ուկրաինա) և Կրասնոդարի երկրամասում (Ռուսաստան):
Օչամչիրեի նավահանգստից բացի, Վրաստանի ՊԱԾ-ի զեկույցում նշված է Ռուսաստանից Սոխումիի օդանավակայան տեխնիկական թռիչքների մասին 2024 թվականի նոյեմբերին։
«Սոխումիի օդանավակայանը վերականգնելով՝ Ռուսաստանը կստանա լրացուցիչ քաղաքական և տնտեսական լծակներ օկուպացված շրջանը վերահսկելու համար։ Իր հերթին, օկուպացված շրջանը կփորձի օդանավակայանի գործունեությունը ներկայացնել որպես տարածաշրջանի զարգացման «ցուցիչ», ստեղծել «անկախության» պատրանք և դա օգտագործել միջազգային ասպարեզում «կարգավիճակ» ձեռք բերելու համար», — այսպես է գնահատել ՊԱԾ-ը օդանավակայանի զարգացման սպառնալիքը:
2025 թվականի փետրվարին, 32 տարի ընդմիջումից հետո, Սոխումիում քաղաքացիական ինքնաթիռը վայրէջք կատարեց. Սոխումին տոնեց ինքնաթիռի փորձնական թռիչքը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից։
ՊԱԾ-ի 2024 թվականի հաշվետվությունը հրապարակվել է ապրիլի 29-ին, ստորագրել է ՊԱԾ նոր ղեկավար Անրի Օխանաշվիլին, որին միակուսակցական խորհրդարանը հաստատել էր որպես այդ գերատեչության ղեկավար 2025 թվականի ապրիլի 4-ին: ՊԱԾ նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, որ սկզբում պետք է նշանակվեր տարածաշրջանային զարգացման նախարար՝ ՊԱԾ ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո, մինչ օրս այլ պետական ծառայողի պաշտոնում չի նշանակվել:
Օխանաշվիլիի ստորագրած զեկույցում առաջին անգամ Արևմուտքը անվանվում է «Վրաստանում ապատեղեկատվության և քարոզչական արշավների արտադրող»։
«Օտարերկրյա երկրների հատուկ ծառայությունները, նաև որոշ ներքին և արտաքին գործիչներ, օգտագործելով, այսպես կոչված՝ հիբրիդային պատերազմի գործիքները, փորձել են ազդել երկրում ընթացող քաղաքական և տնտեսական գործընթացների վրա, եղել են իշխանությունը ուժով փոխելու փորձեր։ Նրանք ակտիվորեն օգտագործել են ապատեղեկատվական և քարոզչական տեղեկատվական արշավներ, որոնցում, ի թիվս այլոց, ներգրավված են եղել նաև արևմտյան երկրների և ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչը հեշտացրել է որոշ երկրների հատուկ ծառայությունների համար Վրաստանում հակաարևմտյան արշավի անցկացումը», — նշված է ՊԱԾ-ի վերջին զեկույցում։