Պապուաշվիլիի գնահատմամբ` ԵԱՀԿ նախագահը խախտել է Վրաստանի օրենսդրությունը

«Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը խախտել է Վրաստանի օրենսդրությունը՝ միանալով Ռուսթավելիի պողոտայում հավաքված ցուցարարներին։

Շալվա Պապուաշվիլին այս թեմայով ընդարձակ գրառում է հրապարակել X հարթակում և ներկայացրել Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցող գործընթացները։

«Տեղեկացնեմ ձեզ. փողոցը, որտեղ կանգնած է ԵԱՀԿ գործող նախագահը (նա նաև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարն է), մայրաքաղաքի գլխավոր պողոտան է։ Դուք տեսնում եք մի քանի տասնյակ արմատականների, որոնք մի քանի օր առաջ ներխուժել են նախագահական պալատ և վիրավորել 25 ոստիկանի, որոնցից երկուսը ծանր վիրավորվել են։ Նրանք փակել են ճանապարհը՝ խախտելով օրենքը։

Վրացական օրենսդրությունը, ինչպես ցանկացած ԵԱՀԿ անդամ պետության օրենսդրություն, երաշխավորում է հավաքվելու իրավունքը, և ճանապարհը փակելն ընդունելի է միայն այն դեպքում, երբ մեծ թվով մարդկանց համար անհնար է դառնում մայթեզրին տեղավորվել։

Ֆինլանդիայի նախարարը կարող է չիմանալ սրա մասին, բայց նա չի կարող նշել որևէ դեպք, երբ վրացական պետությունը վերջին 13 տարիների ընթացքում խախտել է այս իրավունքը։

ԵԱՀԿ գործող նախագահի արարքը վրացական օրենսդրության խախտում է։ Սա նաև խախտում է Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածը, որն ընդունվել է նույն քաղաքում, որտեղ գտնվում է ԵԱՀԿ-ի կենտրոնակայանը», — գրել է Շալվա Պապուաշվիլին X հարթակում։

Նա նաև հավելել է, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը ցույց է տալիս վրաց ժողովրդին, որ աջակցում է «բռնի հեղաշրջման կազմակերպիչներին»։