Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) տարածել է հայտարարություն, ըստ որի` հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և պայթուցիկ նյութեր, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 4-ին նախագահական պալատը գրավելու փորձին զուգահեռ դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար։
«Գործի նյութերի համաձայն՝ Ուկրաինայում գործող զորամասերից մեկի վրացական ներկայացուցչի հանձնարարությամբ, ինչը հաստատվում է բազմաթիվ ապացույցներով, Վրաստանի քաղաքացի Բ.Չ.-ն ձեռք է բերել մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և պայթուցիկ նյութեր։ Մեր տրամադրության տակ եղած օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ նշված զինամթերքի միջոցով դիվերսիոն գործողություններ պետք է իրականացվեին կազմակերպված խմբային բռնության և հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատը գրավելու փորձին զուգահեռ։
Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել չեզոքացնել այն անձանց շրջանակը, որոնք պետք է տեղափոխեին նշված զինամթերքը և պայթուցիկ նյութերը Թբիլիսիի կենտրոն։ Հատուկ թաքստոցում հայտնաբերված հրազենը, զինամթերքը և պայթուցիկ նյութերը թաքցված էին Թբիլիսիի մոտակայքում գտնվող անտառում», — ասված է ՊԱԾ-ի տարածած հայտարարության մեջ:
Մեղադրյալ Բ.Չ.-ն արդեն բերման է ենթարկվել Անվտանգության ծառայություն, և նրա հետ քննչական միջոցառումներ են իրականացվում։
Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։
Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։