Պանդեմիան ստեղծագործելու իր ուղղությունը թելադրեց. տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ոչ մի օր չի դադարել հեքիաթ ստեղծել

Արմեն Հովհաննիսյանն ու նրա Փարաջանովը

Արմեն Հովհաննիսյանի տիկնիկային թատրոնը պանդեմիայի ծանր ամիսներին ոչ միայն չի դադարեցրել իր գործունեությունը, այլև փորձել է «կարանտինի ուժեղ կողմերն» օգտագործել:

Թատրոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Արմեն Հովհաննիսյանն ասում է` «Չէի կարող պատկերացնել, որ վիրուսը կդառնա իմ ստեղծագործության ու ներշնչանքի աղբյուրը»:

Նախորդ տարի, երբ կյանքը վարակ էր «շնչում ու արտաշնչում», փակ էր Մառնեուլիի շրջանը, որտեղ ապրում ու ստեղծագործում է տիկնիկագործը, առօրյան վիրուսով էր հագեցած, Արմենին հաջողվեց վիրուսի թեմայից մշակույթ ստանալ: Փորձում էր այնպես անել, որ վտանգավոր թեման անգամ մարդկանց ժպիտ բերեր ու դրական էներգա, և ստացվում էր. ահա  կիթառն, ուր բոլորը «տանն են». հետաքրքրասեր հարևաններն աչքները չեն կտրում երիտասարդ սիրահար զույգից:

Կիթառը, որում բոլորը տանն են

 

 

 

 

 

 

 

 

 

Տիկին ԿորՏիկին Կորոնան` գեղեցկության սրահում

Պանդեմիայով պայմանավորված` փակ գեղեցկության սրահներն էին պատճառը, որ ստեղծվեց տիկին Կորոնայի կերպարը: Տիկնոջ վարսերն այնքան էին երկարել կարանտինի օրերին, որ գեղեցկության սրահների բացվելուց հետո վարսահարդարին աստիճաններ պետք եկան` հարդարման համար:

Արմենն այդ օրերին հեռուստացույց չէր նայում. լսել ու տեսնել չէր ուզում կորոնայի մասին, իսկ լուրերը միայն մեկ թեմայով էին: Սեփական հեռուստացույցն  ու լրատվությունը ստեղծեց` ավելի հետաքրքիր, լավատես: Հեռուստամեկնաբան տիկին Փիսետան միայն բարի լուրեր ու հեքիաթային նորություններ էր հաղորդում: Ահա նրա տաղավարում հայտնի վիրուսն է` Կովիդը: Հյուրը խոստանում է` «տաքերն ընկնելուն պես` մի տեղի վրա կորչի-գնա»: Խոստումը մասամբ կատարում է: Բայց նա իրեն մեղավոր չի համարում. Տիեզերքն է հոգնել մարդկանցից…

Հեռուստամեկնաբան Փիսետան վարակիչ հյուր ունի

 

Համաշխարհային մարտահրավերն արվեստագետի համար մի կարճ ընթացք ներշնչանքի աղբյուր դարձավ, խմբագրեց ստեղծագործական բոլոր ծրագրերը, չեղարկեց հյուրախաղերը, միաժամանակ «ստիպեց» օնլայն ներկայացումներ ստեղծել, որի մասին մինչ այդ երիտասարդ ստեղծագործողը չէր էլ  կարող պատկերացնել: Հաշմանդամություն ունեցող երեխաների համար «Գունավորիր աշխարհը» ծրագրի շրջանակում նա սկսեց շաբաթվա հատուկ օրերին օնլայն հեքիաթներ ցուցադրել:

Առցանց հեքիաթ ու արվեստի թերապիա

 

Արմեն Հովհաննիսյանը տարբեր մշակութային ծրագրերի աջակցության խնդրանքով դիմել է Հայաստանի մշակույթի նախարարություն: Գերատեսչությունը մերժել է նրա բոլոր ծրագրային առաջարկներն` այդ թվում «Շունն ու կատուն» բեմադրելուն աջակցելու խնդրանքը: Այս տարի Թումանյանի այցեքարտերից մեկը` «Շունն ու կատուն» 130 տարեկան է. «Մարդիկ, որ անգամ աղոթք չգիտեն, «Շունն ու կատվից» գոնե մի հատված հաստատ անգիր գիտեն: Ուզում եմ  130-ամյակին  նվիրված ներկայացում բեմադրել, դիմեցի Հայաստանի մշակույթի նախարարությանը, մերժում ստացա:  Վրացական կողմը խոստացել է աջակցել: Եթե չստացվի, սեփական սուղ միջոցներով կբեմադրեմ»:

Պանդեմիան անզոր եղավ «սպանել» մշակույթը: Արմեն Հովհաննիսյանի տիկնիկների թատրոնը պանդեմիայի օրերին  արվեստի միջոցով հույս տալու ու  լարվածությունը մեղմելու առաքելություն ուներ:

Լուսանկարները` Արմեն Հովհաննիսյանի անձնական արխիվից

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։

Առաջարկում ենք դիտել նաև  Ա. Հովհաննիսյանի «Հիշողության կոլաժը»՝