Ռեպրեսիաների փորձ է. ընդդիմությունը՝ իշխանության «սև ցուցակի» մասին

Վրաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ «սպառնալիքների և շանտաժի մեջ ներգրավված անձանց տվյալների բազա» ստեղծելու ծրագիրը, որ նաև հայտնի է որպես «սև ցուցակ», համարում են ռեպրեսիա սկսելու փորձ։

Խորհրդարանական քաղաքական խմբի՝ «Եվրոօպտիմիստների» ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեի խոսքով, «քաղաքացիների ռեգիստրի ստեղծումը խորհրդային «կակեբեի» մեթոդն է։ Ըստ նրա՝ «Վրացական երազանքի» կառավարությունը «անցել է բոլոր սահմանները», ինչը ծառայում է իշխանության պահպանման նպատակին։

Անկախ պատգամավոր Թեոնա Աքուբարդիայի կարծիքով, եթե մինչ այժմ «Վրացական երազանքի» կազմակերպված խումբն ուներ անձնական տվյալներ, որոնք հեռախոսազանգերով փորձում էին հոգեբանորեն հարձակվել «ռուսական օրենքի» հակառակորդների վրա, «այժմ այս ցուցակի միջոցով այդ շրջանակն ավելի կընդլայնվի: Սա սեփական ժողովրդի ու երկրի դեմ պայքարի հռչակված ժամանակագրություն է»:

Ըստ «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Բեժաշվիլիի՝ «այսօր գլխավոր ագրեսորը պետությունն է, պետության և իշխող կուսակցության վարձած «ջարդարաները» ու «բանդաները» շրջում են Թբիլիսիի փողոցներով և բռնության են ենթարկում բողոքի ակցիային մասնակցած երիտասարդներին, քաղաքական առաջնորդներին… Ահա այս ամենի ֆոնին, Շալվա Պապուաշվիլի մեղադրանքները հերթական մանիպուլյացիան են»:

Պատգամավոր, «Ռազմավարությունը Աղմաշենեբելիի» ներկայացուցիչ Պաատա Մանջգալաձեն ասել է, որ «սա մանիպուլյացիայի փորձ է», որի նպատակն է թույլ չտալ մարդկանց գնալ հանրահավաքի, վախենալով, որ Շալվա Պապուաշվիլին «որոշներին կներառի բռնարարների ցուցակում»:

Նորաստեղծ «Ախլի» կուսակցության ներկայացուցիչ Նիկա Գվարամիան նշել է, որ «այն ինչ անում է «Վրացական երազանքը» 1937 թվականն է հիշեցնում, դա նացիստական ​​Գերմանիայի կողմից հրեաների գրանցումն նման մի բան է. սև ցուցակի ստեղծում է, թշնամիների ցուցակ, որը հասանելի կլինի բոլորին»:

«Գիրչի- առավել ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեն վտանգավոր է համարում նման ցուցակի առկայությունը, որը պատրաստվում է ստեղծել «Վրացական երազանքը»։

Ի դեպ, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր՝ մայիսի 8-ին, ասել է, որ կուսակցական կառույցների միջոցով կսկսվի տվյալների բազայի ստեղծումը, որը տեղեկատվություն կհավաքի բոլոր այն մարդկանց մասին, ովքեր «ներքաշված են բռնության, այլ անօրինական գործողությունների, սպառնալիքների և շանտաժի մեջ, կամ հրապարակայնորեն հավանություն է տալիս նման գործողություններին»: Պապուաշվիլիի խոսքով, «այս տվյալների բազան կտեղադրվի հատուկ կայքում և կլինի հրապարակային ու թափանցիկ Վրաստանի քաղաքացիների համար»:

Նշենք նաև, որ իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «գործակալների օրենքը»՝ չնայած մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում։ Օրենքի նախագծի համաձայն՝ այն լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում Վրաստանի գործընկեր երկրներից, պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա տերության շահեր կրող կազմակերպություններ»։

Երեկ՝ մայիսի 7-ին, քաղաքացիական ակտիվիստները, լրագրողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր պահանջում են հետ կանչել «գործակալների օրենքը», հայտնել են, որ անհայտ անձինք զանգահարում են հեռախոսով և հայհոյում։