Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը քննարկել է Մամուկա Մդինարաձեի թեկնածությունը ՊԱԾ-ի (Պետական անվտանգության ծառայության) ղեկավարի պաշտոնում և հաստատել: Նիստից հետո Մդինարաձեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՊԱԾ է գնում «իր թիմով»։
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը լրատվամիջոցների համար փակ ձևաչափով քննարկել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում Մամուկա Մդինարաձեի ընտրության հարցը։
Փակ նիստին մասնակցել է Մամուկա Մդինարաձեն և հանձնաժողովի անդամներին ներկայացրել է իր պատկերացումները նոր պաշտոնում։
«Մդինարաձեն ունի ապագայի ծրագիր, ըստ որի ծավալելու է իր գործունեությունը։ Մեզանից յուրաքանչյուրը համոզված է, որ նա կլինի Պետական անվտանգության ծառայության ամենահաջողակ ղեկավարներից մեկը՝ ըստ իրեն բնորոշ անձնական հատկությունների և անցած մասնագիտական ճանապարհի։
Կարող ենք ասել, որ ազգային անվտանգության խնդիրները վստահելի ձեռքերում կլինեն»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ալեքսանդրե Տաբատաձեն նիստի սկզբում։
Նիստին Մդինարաձեի թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդարանի 85 պատգամավոր։
Նիստից հետո Պետական անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Իրակլի Բերաիան այլևս չի ղեկավարի հետախուզության ծառայությունը։
Մդինարաձեն ընդգծել է լրագրողների հետ զրույցում, որ ինքը ՊԱԾ է գնում «իր թիմով», որի անդամների վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի վաղը։
«Կարճ ասեմ՝ գնում եմ իմ թիմով։ Վաղը կիմանաք։ Չնայած նա [Իրակլի Բերաիան] մեր ընկերն է և շատ լավ մասնագետ է, սակայն ես ունեմ իմ պատկերացումները, իմ թիմը», — ասել է Մդինարաձեն։
Վերջին մի քանի ամսվա ընթացքում ՊԱԾ-ը ղեկավարում էր Անրի Օխանաշվիլին։ Խորհրդարանը նրան Պետական անվտանգության ծառայության ղեկավար էր ընտրել 2025 թվականի ապրիլին՝ 6 տարի ժամկետով, սակայն օգոստոսին վերջինս հայտարարեց իր հրաժարականի մասին։