Դատախազության հաղորդմամբ՝ ձերբակալվել է մեկ անձ, որը «հանցավոր խմբի մյուս անդամների հետ միասին» սեփականացրել է 624 միլիոն ԱՄՆ դոլարի և 35 միլիոն եվրոյի չափով անօրինական եկամուտ։
Գործակալության տվյալներով՝ «հանցավոր խումբը» գործել է 2022-2024 թվականներին։
«Դատախազության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը՝ Ազգային բանկի լիցենզավորած արժույթի փոխանակման կետ շահագործելու և սեփական ունեցվածքի քողի տակ, կանխամտածված անտեսելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման մասին» Վրաստանի օրենքի պահանջները, կազմակերպել է ապօրինի ցանց՝ ապօրինի ծագում ունեցող գումարներ հավաքելու, փոխարկման միջոցով դրա ծագումը փոխելու և օրինական շրջանառության մեջ դնելու համար։
Ձերբակալվածի հետ նախնական համաձայնությամբ՝ հանցավոր խմբի անդամները համակարգված կերպով ապահովել են սահմանակից երկրներից մեծ քանակությամբ ապօրինի ծագում ունեցող արտարժույթի ներմուծումը՝ շրջանցելով մաքսային ընթացակարգերը տրանսպորտային միջոցներում կազմակերպված հատուկ թաքստոցների միջոցով և հասցնելով գումարի հավաքագրման վայր՝ արժույթի փոխանակման կետ։
Դրան օրինական տեսք տալու համար գումարը բանկային հաստատություններ է բերվել որպես արժութային գործունեության շրջանակներում ստացված օրինական եկամուտ, ինչը հաստատում է, որ առևտրային բանկերին տրամադրվել են կեղծ տվյալներ դրա ծագման մասին։
Վերը նշված գործողությունների միջոցով մեղադրյալները և հանցավոր խմբի մյուս անդամները 2022-2024 թվականներին օրինականացրել են մոտ 624 միլիոն ԱՄՆ դոլարի և 35 միլիոն եվրոյի անօրինական եկամուտ։ Գործով իրականացված քննչական գործողությունների շրջանակներում առգրավվել է մեծ քանակությամբ կանխիկ գումար», — ասված է գործակալության տարածած հաղորդագրրության մեջ։
Դատախազությունը հայտնել է, որ քննչական գործողություններ է իրականացնում Պետական անվտանգության ծառայության հետ համատեղ։