Պուտինը 25 տարում չորս պատերազմ է սանձազերծել. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է գիշատիչ, որը 25 տարվա ընթացքում չորս պատերազմ է սանձազերծել Չեչնիայում, Վրաստանում, Ղրիմում և Ուկրաինայում։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինին վերահսկել հնարավոր է միայն կոշտ զսպողական միջոցների կիրառմամբ։

«Փորձից ելնելով գիտենք, որ նրան հնարավոր է զսպել միայն խիստ միջոցներով, և դրա համար Եվրամիությունում և հատկապես առաջնագծում մեր պաշտպանական դիրքերը պետք է ամրացնենք համակարգված, հստակ ու պետք է արագ գործենք։ Հենց այդ նպատակով մոտակա շաբաթների ընթացքում կպատրաստենք ուղեցույց, թե ինչպես ներդնենք լրացուցիչ պաշտպանական գումարներ Եվրոպայի մեր պաշտպանական դիրքերում», — ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով՝ Պուտինից պաշտպանվելու երեք միջոց կա, իսկ չորրորդը Եվրամիությանն Ուկրաինայի միանալու ուղղությամբ աշխատանքն է։

«Ես դա հաճախ համեմատում եմ պողպատե ոզնու հետ, որը պոտենցիալ ներխուժողների համար անմարսելի է։ Պաշտպանության երկրորդ գիծը «կամավորների կոալիցիան» է՝ ամերիկացիների աջակցությամբ, երրորդը և ամենակարևորը՝ մեր սեփական պաշտպանական դիրքորոշումն է, և չմոռանանք աշխատել Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու ուղղությամբ», — ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Այս ամենի մասին Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը հայտարարել է Լեհաստան կատարած այցի ժամանակ։ Նրա այցելության նպատակը հիբրիդային հարձակումների դեմ կանգնած Լեհաստանին աջակցություն հայտնելն էր։