Թբիլիսիի «Ռատի» բարում տեղի ունեցած սպանության գործով Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի։
Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալը տուժողին վնասվածքներ է հասցրել սառը զենքով։
«ՆԳՆ-ի անցկացրած քննությամբ պարզվել է, որ մայիսի 11-ին, մոտավորապես ժամը 05:30-ին, Թբիլիսիի Բարաթաշվիլիի փողոցում գտնվող «Ռատի» բարում մեղադրյալը դանակով վերքեր է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին։ Տուժողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Երկրորդ մեղադրյալը, որը ներկա է եղել հանցագործության վայրում և տեղյակ է եղել կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ կանխամտածված սպանության մասին, չի հայտնել իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության` իրավապահ մարմինների աշխատակիցները նույն օրը ձերբակալել են մեղադրյալներին։ Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն խուլիգանական մտադրությամբ), որը նախատեսում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Երկրորդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցագործության մասին չհայտնելը), որը նախատեսում է 3-ից 7 տարի ազատազրկում։
Դատախազությունը մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին դիմում կներկայացնի օրենքով սահմանված ժամկետում։