Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության օրենսգրքի» նախագիծը։ Լիագումար նիստի ժամանակ կայացած քվեարկությունն ավարտվեց 80 կողմ, 2 դեմ ձայներով։

ՊՆ-ի ներկայացրած «Պաշտպանության օրենսգրքի» նախագծով նորովի են կարգավորվելու պաշտպանության նախարարության գործունեության ու զինծառայության հարցերը։

Նախատեսվում է կրճատել զորակոչիկների ազգային զինծառայության ժամկետը։ Մասնավորապես, 12-ամսյա ժամկետի փոխարեն առաջարկվում են ծառայության տարբեր ժամկետներ՝ 6, 8 և 11 ամիս տևողությամբ։

Փոփոխության համաձայն՝ մինչև 23 տարեկան այն ուսանողները, որոնք կորոշեն պարտադիր զինվորական ծառայություն անցնել` տարեկան ընդամենը 1 ամիս դասընթաց կանցնեն, իսկ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո կհամարվեն պարտադիր զինծառայություն անցած։

Հոգևորականները ևս պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն։

Վերանայվել է զորակոչի վարձի չափը, և 2000 լարիի փոխարեն (18 ամսով տարկետման համար) սահմանվել է 10 հազար լարի՝ մեկ տարով տարկետման համար։ Ազգային զինվորական ծառայության զորակոչի տարկետման իրավունքից անձը կկարողանա օգտվել միայն մեկ անգամ։

Նշված նորամուծությունները կսկսեն իրականացվել 2025 թվականի հունվարի 1-ից։