Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հրապարակել է «Վիվամեդ» կլինիկայում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին այցելած բժիշկների խմբի գնահատականը։

Հանրային պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ փորձագետների գնահատմամբ՝ հիվանդի ինքնազգացողությունը վատացել է փետրվարի 19-ից ի վեր (նախորդ այցելությունից) և արտահայտվում է ծանր սարկոպենիայի ընթացքով` մկանային զանգվածի նվազում և ֆունկցիայի նվազում։ Փաստաթղթում նշվում է, որ Սաակաշվիլին մկանների զգալի ձգման հաշվին նիհարել է ևս 4 կիլոգրամ, իսկ թուլության պատճառով նրա շարժունակությունը նկատելիորեն սահմանափակված է։

Բժիշկների խմբի գնահատմամբ՝ ոտքի կանգնելիս Սաակաշվիլիի արյան ճնշումը կտրուկ անկում է ապրում (120/90-ից մինչև 78/40), որն ուղեկցվում է հավասարակշռության կորստով և համակարգման նկատելի խանգարումով։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ նկատելի է մտավոր ֆունկցիաների զգալի նվազում, դեպրեսիա։

Ըստ վերոնշյալ տվյալների` փորձագետների մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սաակաշվիլին ունի հետևյալ առողջական խնդիրները.

  • Սարկոպենիա, մկանների թուլացում, ծանր կախեքսիա` 4-րդ փուլ,
  • Օրթոստատիկ ճնշման կրիտիկական անկում:

Ռիսկերի և կանխատեսումների առումով` խորհրդի անդամ բժիշկներն նշել են, որ հիվանդը թևակոխել է ակտիվ կատաբոլիզմի փուլ։ Մասնագետները, մասնավորապես, նշել  են, որ հետագա քաշի կորստի հետևանքով երրորդ նախագահը կգամվի անկողնուն, քանի որ ստորին վերջույթների մկաններն ամբողջությամբ կպատռվեն, թուլության պատճառով նա չի կարողանա շարժվել։ Ըստ նրանց՝ Սաակաշվիլիի համար կրիտիկական քաշը 52-53 կիլոգրամն է, որից հետո օրգանիզմում կսկսվեն անդառնալի փոփոխություններ։

Ըստ մասնագետների՝ դեռևս դրսևորվում է ծայրամասային և վեգետատիվ նեյրոպաթիա, որը ոտքի կանգնելիս արյան ճնշման կրիտիկական անկում է առաջացնում։ Փաստաթղթում նշվում է, որ ներկայումս հիվանդի առանց հսկողության տեղաշարժը վտանգավոր է, քանի որ շատ մեծ է ընկնելու, վնասվածքներ, կոտրվածքներ ստանալու վտանգը։