ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար․ Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նախագահական նստավայրում ընդունել է Վրաստանի առաջին հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ Թբիլիսի ժամանած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:

Հանդիպմանը կողմերը կարևորել են հայ-վրացական հարաբերությունների զարգացումը: Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքով, այս տարի երկու երկրները տոնում են պետականության վերականգնման 100-ամյա տարեդարձը և Հայաստանի նախագահի մասնակցությունը Վրաստանի համար պատմական և խորհրդանշական նշանակություն ունի:

Հանդիպմանը նշվել է, որ հաշվի առնելով առկա բոլոր իրողությունները, Վրաստանը հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր պետությունների հետ բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմամբ:

Մարգվելաշվիլին նկատել է, որ հակամարտությունների կարգավորման հարցում Վրաստանի դիրքորոշումը բխում է միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից։

Վրաստանի նախագահը հայ գործընկերոջը ներկայացրել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում ստեղծված իրավիճակը, դատապարտել Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի սպանության փաստը:

«Վրաստանը գնահատում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ Հայաստանի կայուն դիրքորոշումը»,-ասել է Վրաստանի նախագահը՝ հույս է հայտնելով, որ նոր իշխանությունները կշարունակեն աշխատել այդ ճանապարհով։

Մարգվելաշվիլին իր անհանգստությունն է հայտնել ՌԴ-ի «բռնակցման» քաղաքականության վերաբերյալ։

Ընդգծվել է, որ բռնագրավված տարածքներում անվտանգության և մարդու իրավունքների իրավիճակը խոսում է միջազգային անվտանգության մեխանիզմներ ստեղծելու և մարդու իրավունքների միջազգային մոնիտորինգի անցկացնելու անհրաժեշտության մասին:

Մարգվելաշվիլին ողջունել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման փաստը։ «Հատկանշական է, որ համաձայնագիրը Հայաստանի համար նոր հեռանկարներ է բացում»,-վստահեցրել է Վրաստանի նախագահը։

Թողնել պատասխան