Մարգվելաշվիլիի օրոք նախագահականի ծախսերն անցել են 7 միլիոն լարիից

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նախագահության 5-ամյա ժամանակահատվածում Ավլաբարի նախագահական նստավայրի ծախսերն անցել են 7 մլն (7 428 033) լարիի սահմանը։ Այս մասին պաշտոնական տվյալները Interpressnews լրատվականին է փոխանցել պետական պաշտպանության հատուկ ծառայությունը:

Սաակաշվիլիի իշխանության տարիներին կառուցված Ավլաբարի նստավայրի ծախսերի մեծ մասը բաժին է ընկել կոմունալ վճարումներին (էլեկտրաէներգիա, բնական գազ, ջուր և այլն)՝ 2014-ին վերոնշյալ ծախսերին հատկացվել է 693 979 լարի, 2015-ին՝ 818 787, 2016-ին՝ 1 018 962, 2017-ին՝ 1 042 463 լարի, իսկ մինչև 2018-ի օգոստոս կոմունալ ծախսերը կազմել են 446 113 լարի: Հիշյալ ծախսերը ներառում է նաև նախագահականի հարակից տարածքի մաքրման աշխատանքների համար հատկացված գումարը։

Ընդհանուր առմամբ նստավայրի ծառայությունների մատուցման համար վերջին հինգ տարիներին տրվել է 1 927 214 լարի աշխատավարձ, այդ թվում հավելավճարները 2015, 2016 և 2017 թվականներին կազմել է 95 594 լարի:

Հիշեցնենք՝ Գիորգի Մարգվելաշվիլին պաշտոնը ստանձնել է 2013-ի դեկտեմբերին։ «Վրացական երազանք»-ի կողմից առաջադրված թեկնածու Մարգվելաշվիլին, սակայն, տարաձայնություններ ունեցավ կուսակցության անդամների ու մասնավորապես քաղաքական նույն ուժի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ այն բանից հետո, երբ որոշեց համեստ աշխատասենյակի փոխարեն աշխատել Սաակաշվիլիի կառուցած հսկա, շքեղ շենքում։