ՌԴ-ում հետախուզվող զույգը Թբիլիսիում ձերբակալվել է

Երկու ռուս ակտիվիստների՝ Վլադիմիր Դուբովսկուն և նրա ընկերուհուն՝ Ալինա Սավելևային, որոնց, ըստ լուրերի, «առևանգել էին», ձերբակալել է Ներքին գործերի նախարարությունը քրեական գործի շրջանակներում։

Նրանց սպառնում է 4-ից 5 տարի ազատազրկում «սահմանը ապօրինի հատելու» մեղադրանքով։

Ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 26-ի երեկոյան հրապարակած հաղորդագրության մեջ հայտնել է, որ նրանք ձերբակալվել են դատավորի որոշման հիման վրա և «մեղադրվում են խմբով Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինաբար հատելու համար»։

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալներն անօրինական կերպով մուտք են գործել երկիր՝ շրջանցելով սահմանային վերահսկողությունը և վերջին երեք տարվա ընթացքում ապօրինաբար գտնվել են Վրաստանի տարածքում», — հայտարարել է ՆԳՆ-ն։

Նշենք, որ նախօրեին տարածվեց տեղեկություն, թե Թբիլիսիում անհետացել են ռուս ակտիվիստներ Վլադիմիր Դուբովսկին և նրա ընկերուհի Ալինա Սավելևան։

«Єднання Українців Історичних Земель» («ուկրաինացիների պատմական հողերի միություն») կազմակերպությունը, որի հիմնադիր անդամներից մեկը Դուբովսկին է, հայտնել էր «առևանգման» մասին։ Կազմակերպության տվյալներով՝ Դուբովսկուն և Սավելևային նստեցրել էին մեքենա և տարել անհայտ ուղղությամբ։

Ռուսաստանում երկու ակտիվիստներն էլ հետախուզվում են։ Դուբովսկին մեղադրվում է ահաբեկության համար, իսկ Սավելևան՝ «բանակի մասին կեղծ լուրերի» տարածման համար։