Գործարար Դավիթ Խիդաշելիի GLOBAL VICTORY TRUST ընկերությունը վաճառել է Ռիկղեի «սափորները»։ Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում գտնվող երկու շենքերի սեփականատեր է դարձել «Ռիկղե դոմ» ՍՊԸ-ն:
Դիմումը հանրային ռեեստր է ներկայացվել մայիսի 2-ին, և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո փոփոխությունները կատարվել են մայիսի 5-ին։
«Ռիկղե դոմ» ընկերությունը հանրային ռեեստրում գրանցվել է ապրիլի 24-ին։ Ընկերության տնօրենը Միխեիլ Տկղեշելաշվիլին է։ Նա նաև կառավարում է «Վրացական երազանք» կուսակցության միլիոնատեր պատգամավոր Գիորգի Բարվենաշվիլիին պատկանող ընկերությունների բաժնետոմսերը։ Դրանց թվում են՝ «Ջի ջի ջի Ջորջիաշի»-ն, GORAGROUP-ը, Parna-ն և այլն։
«Ռիկղե դոմ» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերը «Ն.Գ.Բ.» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը Թոռնիկե Կոպալիանին է։
Ռիկղեի «սափորներ»-ը 2022 թվականի մարտից հետո այլևս պետությանը չեն պատկանում։ Վերջինս վաճառվել է վեցերորդ փորձից՝ 10 մլն 020 հազար լարիով, որը 10 անգամ ավելի էժան է սկզբնական գնից։ Գնորդը «Վրացական երազանք»-ին մոտ կանգնած գործարար Դավիթ Խիդաշելիի ընկերությունն է։
Ընկերությունը պարտավորվել է 36 ամսում 14 հազար 591 քմ մակերեսով հողամասն օգտագործել գինու, թվային արվեստի և տեխնոլոգիաների թանգարանի, նաև ցուցահանդեսային և կոնֆերանսային տարածքների տեղակայման համար։
Ռիկղեի «սափորներ»-ի կառուցումն ավարտվել է 2012 թվականին։ Շենքը գրանցվել է Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում։ Սկզբում այնտեղ պետք է տեղակայվեին արվեստի կենտրոն և երաժշտության ու դրամատիկական թատրոն, իսկ ավելի ուշ ստորագրություններ հավաքվեցին շենքում գինու թանգարան բացելու պահանջով։
Տարիներ անց «Վրացական երազանք»-ի կառավարությունը որոշեց վաճառել շենքը։