Սննդի ազգային գործակալության (ՍԱԳ) Մցխեթա-Մթիանեթիի բաժնի տեսուչները ստուգումներ են սկսել ձմեռային բարձրլեռնային հանգստավայրերում, մասնավորապես՝ Ստեփանծմինդայում, Փասանաուրիում և Գուդաուրիում գտնվող սննդամթերքի մանրածախ առևտրի կետերում: Պետական վերահսկողությունն իրականացվում է ինչպես ցանցային շուկաներում, այնպես էլ փոքր մանրածախ առևտրի կետերում:
Սննդի ազգային գործակալության հաղորդմամբ՝ ստուգվում է, թե արդյոք պահպանվում են սննդամթերքի վաճառքի և տեղաբաշխման պայմանները, ժամկետները, ջերմաստիճանային ռեժիմը, նաև սպառողներին սննդամթերքի մասին տեղեկատվություն տրամադրելու կարգը, որը ներառում է սննդամթերքի անվանման, բաղադրիչների, այդ թվում՝ ալերգենների, սննդային գունանյութերի և այլ հավելումների, քաշի, պահպանման և օգտագործման պայմանների պիտակավորումը:
Պիտակի վրա պետք է նշված լինեն նաև սննդամթերք արտադրող/դիստրիբյուտոր գործարարի անվանումը, հասցեն, սննդամթերքի ծագման երկիրը, սննդային արժեքի մասին տեղեկությունը, արտադրության ամսաթիվը, խմբաքանակի համարը և այլն:
Սննդի ազգային գործակալությունը տարվա ընթացքում ստուգում է սննդամթերքի մանրածախ առևտրի կետերը ամբողջ երկրում:
Գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանի 512 առևտրի կետերում պետական վերահսկողություն է իրականացվել։ Ավելի քան 1200 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 92 խախտում, որոնց համար ձեռնարկվել են միջոցառումներ՝ համաձայն օրենսդրության։