Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ արտգործնախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջից։

Տեղեկության համաձայն՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Վրաստանի և Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ընդգծվել են երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները։ 

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի վարչապետի նախաձեռնած «Խաղաղ հարևանության նախաձեռնությանը», որի նպատակն է հաստատել երկխոսության ձևաչափ։ Ընդգծվել է, որ Վրաստանը մշտապես աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը։ 

Նշվում է նաև, որ հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, նախարարի խորհրդական Վահան Կոստանյանը և նախարարի օգնական Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Վրացական կողմից հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, կառավարության աշխատակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնակատար Իրակլի Կվանճախաձեն։ 

Հիշեցնենք՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին առանձին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։