Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարարին

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին։ Այս հանդիպման մասին X սոցիալական ցանցում գրել է Բաիբա Բրաժեն։

Լատվիայի ԱԳ նախարարի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը երկիրը հեռացնում է եվրոպական ուղուց։

«Կարևոր հանդիպում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Վրաստանի կառավարության քաղաքականությունը Վրաստանը հեռացնում է եվրոպական ուղուց։ Լատվիան կշարունակի աջակցել վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին», — գրել է Բրաժեն։

Ավելի ուշ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես X-ում գրել է հանդիպման մասին և նշել, որ Լատվիայի աջակցությունը կարևոր է երկրի համար.

«Ես հանդիպեցի Բաիբա Բրաժեի հետ. Վրաստանի պայքարը ժողովրդավարության և եվրոպական ապագայի համար անկասելի է։ Լատվիայի աջակցությունը կարևոր է, քանի որ մենք պաշտպանում ենք մեր ազատությունը և դեպի Եվրոպա տանող ճանապարհը», — գրել է Զուրաբիշվիլին։