«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Հնդկաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Հնդկաստանի խորհրդարան: Պապուաշվիլին գրառում է կատարել Հնդկաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլային:
Կողմերը դրական են գնահատել Վրաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունները, որոնք հաջողությամբ զարգանում են մի շարք ուղղություններով: Այս առումով նշվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի Հնդկաստան կատարած առաջին պաշտոնական այցի կարևորությունը:
Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել հնդկական կողմին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության համար: Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Թբիլիսիում արդեն գործում է Հնդկաստանի դեսպանատունը, և վրացական կողմը սպասում է հնդիկ առաջին դեսպանի նշանակմանը:
Կողմերը քննարկել են խորհրդարանական շփումները և դրանց աճող նշանակությունը երկու երկրների միջև հարաբերություններում: Պապուաշվիլին Օմ Բիրլային հրավիրել է պատասխան այցով Վրաստան:
Քննարկվել է նաև առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցությունը:
Խորհրդարանական պատվիրակության կազմում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, Հնդկաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Վասիլ Չիգոգիձեն, տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլին և «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Հենրիետա Ծիծավան: