Շինջիկաշվիլիի հայրը հարձակվել է TV Pirveli-ի լրագրողների վրա

Վրաստանյան ընդդիմադիր TV Pirveli հեռուստաընկերության լրագրող Մարիամ Մակասարաշվիլիի խոսքով, ինքը և ՀԸ-ի օպերատորը հարձակման են ենթարկվել, իսկ նրանց սարքավորումները խլել է Քվեմո Քարթլիում նահանգապետի նախկին տեղակալ Գիորգի Շինջիկաշվիլիի հայրը։

Մակասարաշվիլիի խոսքով, TV Pirveli-ի նկարահանող խումբը գտնվում էր Մարտկղոփիում՝ Շինջիկաշվիլիի տան մոտ` նրա հրաժարականի մասին տարածված տեղեկությունը հետաքննելու նպատակով։ Ըստ Մակասարաշվիլիի՝ Շինջիկաշվիլիի հայրը խլել է նրա անձնական բջջային հեռախոսը և հեռուստաընկերության օպերատորի տեսախցիկը։

Մակասարաշվիլին նաև հայտնել է, որ Շինջիկաշվիլիի ընտանիքի անդամները տանն են եղել, և Շինջիկաշվիլիի հայրը մեկնաբանություն է արել հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի ավարտից հետո` տեղում նկարահանումների պահին Շինջիկաշվիլիի հայրն անսպասելի հարձակվել է նրանց վրա։

«Նա հանկարծ ագրեսիվ դարձավ իմ և օպերատորիս նկատմամբ։ Նա դիմեց ֆիզիկական բռնության։ Սկզբում խլեց հեռուստասարքավորումներն իմ օպերատորից, իսկ հետո, երբ տեսավ ինձ օպերատորի կողքին կանգնած` բջջային հեռախոսը ձեռքիս, խլեց նաև իմ բջջային հեռախոսը։ Նա դիմեց ֆիզիկական բռնության, նույնիսկ հարվածեց ինձ», — TV Pirveli-ին ասել է Մարիամ Մակասարաշվիլին։

Մակասարաշվիլին պատմել է, որ ֆիզիկական բռնության է ենթարկվել և դեմքի շրջանում վնասվածք է ստացել: Լրագրողը նշել է, որ միջադեպի մասին հաղորդել է ներքին գործերի նախարարությանը, սակայն հաղորդումից 15 րոպե անց ոչ ոք դեպքի վայր չի ժամանել, իսկ իրենց սարքավորումները մոտ 40 րոպե մնացել են Շինջիկաշվիլիի տանը։

Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ լրագրողական գործունեությանը ապօրինի միջամտելու փաստի առթիվ քննություն է սկսվել, և լրագրողը կհարցաքննվի այսօր։

«Երկրում լիակատար քաոս է», — այսպես է իր ֆեյսբուքյան էջում արձագանքել միջադեպին TV Pirveli-ի լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն։

Քվեմո Քարթլիի նահանգապետի տեղակալ Գիորգի Շինջիկաշվիլին այսօր՝ մայիսի 12-ին, սոցիալական ցանցում հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա պաշտոնը թողնելու պատճառ է նշել միմիայն անձնական որոշումը, այլ պատճառներ չի նշել։

Մոտ մեկ տարի առաջ լրատվամիջոցները հաղորդել էին Գիորգի Շինջիկաշվիլիի և ՆԳՆ հատուկ առաջադրանքների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա») միջև ծագած կոնֆլիկտի մասին, ընդհուպ` ֆիզիկական բախումների։