Գախարիայի կուսակցությունը պահանջում է Սաակաշվիլիին բանտ տեղափոխել

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար» կուսակցությունը պահանջում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել քրեակատարողական հիմնարկ:

Վրաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցում կուսակցության անդամ Միխեիլ Դաուշվիլին ասել է, որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայի պալատից ուղիղ եթերով կուսակցական հավաք է անցկացրել, հանձնարարություններ է տվել, իր հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» վերամիավորման ծրագիր է ներկայացրել, իսկ դատավորը նրան չի ընդհատել։

Դաուշվիլին դատավորի վարքագիծը օրենսգրքի խախտում է գնահատում: Ընդդիմադիր կուսակցությունն իշխանությանը կոչ է անում դատարանին թույլ տալ արդարադատություն իրականացնել. «Դադարեցրեք Քրեական դատավարության օրենսգրքի սիստեմատիկ խախտումը և Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխեք քրեակատարողական հիմնարկ»:

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն արձագանքել է Սաակաշվիլիին կլինիկայից տեղափոխելու կոչին. «Միխեիլ Սաակաշվիլին դիետա էր պահում, նա հիանալի վիճակում է, լավ տեսք ունի, հավանաբար՝ համապատասխան գերատեսչությունը որոշում (նրան բանտ տեղափոխելու մասին-խմբ.) կկայացնի»,- ասել է Կալաձեն։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Սաակաշվիլիի քրեակատարողական հիմնարկ հնարավոր վերադարձի մասին խոսել է նոյեմբերի 10-ին։ Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է բժիշկների համապատասխան եզրակացությունը։

Թբիլիսիի քաղաքային դատարանում «Նոյեմբերի 7-ի գործի» նիստի ժամանակ մեղադրյալ Սաակաշվիլին, «Վիվամեդ» կլինիկայից հեռավար կերպով մասնակցելով դատավարությանը, նոր քաղաքական նախաձեռնությամբ է հանդես եկել։

Վրաստանի երրորդ նախագահի խոսքով, անհրաժեշտ է ստեղծել քաղաքական գործունեության և միասնության կոմիտե, որում կմիավորվեն մինչև 20-25 հոգի. կոմիտեի անդամ է համարում նաև իր հիմնադրած ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ղեկավարներին։

2022 թվականի մայիսին Սաակաշվիլիին առողջական վիճակի վատթարացման պատճառով քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա, որտեղ այժմ նա գտնվում է։ Սաակաշվիլին իր դեմ հարուցված բոլոր գործերն անվանել է քաղաքական։ Այս տարվա մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ստրասբուրգի դատարանը որպես ժամանակավոր միջոց հրաժարվել է նրան տեղափոխել Վարշավա՝ բուժման նպատակով։