Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնական միջոցառումներն ավարտվել են

Թբիլիսիում ավարտվել են 2026 թվականի Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնական միջոցառումները: Մայրաքաղաքում տոնական ծրագիրը տևեց 34 օր, և, ըստ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, այս տարի ծրագիրն առավել մեծածավալ ու բազմազան էր։

Կալաձեն մայրաքաղաքի խորհրդի նիստում ասել է, որ «Նոր տարվա գյուղ»-ում անցկացված միջոցառումները դրական տպավորություն են թողել ինչպես թբիլիսցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի վրա։

«Հուսով եմ, Նոր տարվա միջոցառումները հաճելի տրամադրություն են ստեղծել բոլորի համար: Կցանկանայի շնորհակալություն հայտնել քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակցի, բոլոր ծառայություններին և մարդկանց, ովքեր ներգրավված էին այս միջոցառումների կազմակերպման գործում: Հատուկ շնորհակալություն Ներքին գործերի նախարարությանը, քանի որ այս ընթացքում ապահովվել են անվտանգությունն ու խաղաղությունը: Շնորհակալություն եմ հայտնում նաև ընկերություններին, ձեռնարկատերերին, արվեստագետներին, դերասաններին և բոլոր ստեղծագործական խմբերին հաջող համագործակցության համար», — ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ Թբիլիսիի քաղաքապետարանը կշարունակի կազմակերպել նմանատիպ ձևաչափի միջոցառումներ առաջիկա տարիներին՝ մայրաքաղաքում կախարդական ամանորյա մթնոլորտ ստեղծելու նպատակով՝ թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար։