Թբիլիսիի մետրոյի առաջին գիծը կերկարացվի երկու ուղղությամբ

Թբիլիսիի մետրոյի 1-ին գիծը երկու ուղղությամբ կերկարացվի մեկ կայարանով, այսօր քաղաքային կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի»-ի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն։

Նշենք, որ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունն այս տարվա ապրիլին հայտարարել էր միջազգային գների հարցում՝ մետրոյի առաջին գիծը 5 կիլոմետրով երկարացնելու և Գլդանիում ու Վարկեթիլիում նոր կայարաններ կառուցելու նպատակով։ Գնային հարցումը պետք է որոշի, թե քանի հարյուր միլիոն դոլար կարժենա նախագիծը։

Ըստ Կալաձեի` Գլդանիում և Վարկեթիլիում կայարանների ավելացումը մոտ 576 ժամով կկրճատի հասարակական տրանսպորտում ծախսվող ընդհանուր ճանապարհորդության ժամանակը, ինչը լրացուցիչ հնարավորություն է ցանցը բեռնաթափելու համար։

«Մետրոյի Ախմետելիի թատրոնի և Վարկեթիլիի կայարաններում կիրականացվի նոր նախագիծ, որը թույլ կտա մեզ երկու ուղղություններով երկարացնել առաջին գիծը մեկ կայարանով։ Մասնավորապես, Վարկեթիլիի ուղղությամբ հեռանկարային երկարացման ընդհանուր երկարությունը կկազմի 1.2 կմ։ Մետրոյի նոր կայարանը առավոտյան գագաթնաժամին կընդունի 4500 ուղևոր։ Օրինակ՝ Հուալինգից դեպի Վարկեթիլիի կայարան օրական նվազագույն ուղևորահոսքը կազմում է 66 հազար մարդ, որոնց մի մասը կօգտվի նոր կայարանից», — ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ նախագիծը կբարելավի հետիոտնային և ընդհանուր մատչելիությունը, մետրոյի կայարաններին ամենամոտ տարածքները կվերածի տեսարժան վայրերի և կբարձրացնի տնտեսական ակտիվությունը։