Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը 

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը։  

Ըստ նախարարի՝ ՄԻԵԴ-ում գործի բովանդակային քննությանն անցնելը իրավական գործընթացի մի մասն է, և Վրաստանը ներկայացնող արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիի դեմ շատ լուրջ փաստարկներ ունի։ 

«Ցանկացած գործ ունի տարբեր փուլեր, նախ քննարկվում է ընդունելիությունը, հետո գործը գնում է վերանայման էական փուլ ու հետո որոշում է կայացվում, սա իրավական գործընթացի մասերից մեկն է։ Երկու դեպք կա, խոսքը Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Գիրգվլիանիին սպանողների ներման մասին է։ Հայցն ընդունվել է վարույթ, վարույթն ընթացքի մեջ է, և այն անցնում է քննարկման էական փուլին»,- ասել է Բրեգաձեն։ 

Նշենք, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երկու բողոքները։ Գործը վերաբերում է Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելուն և Սանդրո Գիրգվլիանիի գործով մեղադրյալներին ներում շնորհելուն, որի համար նախկին նախագահը դատապարտվել է Վրաստանում։ Սաակաշվիլին կարծում է, որ այս գործով հետաքննության ժամանակ վրացական իշխանությունները խախտել են իր իրավունքները։ 

Հիշեցնենք՝ Գելաշվիլիի 2005 թվականին տեղի ունեցած զինված հարձակման և նրան ծեծի ենթարկելու գործում, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, ներքին գործերի նախկին նախարար Իվանե Մերաբիշվիլիի, Էրեկլե Կոդուայի և Գիա Սիրաձեի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռեւս 2014 թվականին։ Սաաակաշվիլիի և Իվանե Մերաբիշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել մարդու առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու մեղադրանքով։

Նշենք նաև, որ Սանդրո Գիրգվլիանիին (2006 թվականին եղել է վրացական միացյալ բանկի միջազգային հարաբերությունների բաժնի պետ) ու ընկերոջը նախ առևանգել, ապա մերկացրել են և դաժանաբար ծեծել: Գիրգվլիանիի խոշտանգված մարմինը հայտնաբերվել է Օքրոկղանայի գերեզմանատան հարակից տարածքում:

Թբիլիսիի քաղաքային դատարանը 2018 թվականի հունվարի հինգին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանկիր Սանդրո Գիրգվլիանիի գործով 4 տարի ազատազրկման է դատապարտել: Սաակաշվիլիի պատիժը «Համաներման վերաբերյալ» օրենքի հիման վրա նվազել է և կազմել 3 տարի: