Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 24-ին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով քաղաքական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողությունները, ինչի արդյունքում Արցախը կանգնել է հումանիտար ճգնաժամի շեմին։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայկական կողմի դիրքորոշմանը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։