Հակաարևմտյան նարատիվներ, հոմոֆոբիա և սպառնալիքներ. Իվանիշվիլիի ելույթը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, օլիգարխ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հաջակցություն «գործակալների օրենքի» կազմակերպած հանրահավաքում, քաղհասարակության գնահատմամբ,  հանդես եկավ հակաարևմտյան, հոմոֆոբ, ագրեսիվ ու պահպանողական հայտարարություններով:

Փորձագետների գնահատմամբ, Իվանիշվիլին բացեիբաց թշնամանքով ու մեղադրանքով խոսեց Արևմուտքի մասին` պնդելով, թե «2008 թվականին Արևմուտքը Վրաստանին ներքաշել է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ»:

12 տարի իշխանություն ունենալուց հետո՝ Իվանիշվիլին  խոստացավ չորրորդ անգամ ընտրություններում հաղթելու դեպքում, վերջ տալ ընդդիմադիր, այս պահի դրությամբ գրեթե պառակտված  «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, այն դեպքում, երբ երկրում բազմաթիվ այլ ընդդիմադիր կուսակցություններ կան:

«2022 թվականի սկզբից մինչ այժմ Վրաստանը կրել է ամենածանր պայքարը՝ պատերազմը կանխելու և խաղաղություն պահպանելու համար։ Չնայած 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի խոստմանը, Վրաստանն ու Ուկրաինան չմիացան ՆԱՏՕ-ին և հայտնվեցին երկընտրանքի մեջ։ Բոլոր նման որոշումները կայացնում է գլոբալ պատերազմի կողմը, որը վճռորոշ ազդեցություն ունի ՆԱՏՕ-ի և Եվրամիության վրա, ու որի համար և՛ Վրաստանը, և՛ Ուկրաինան սարսափելի գին են վճարել։ Նախ` Վրաստանին Ռուսաստանի դեմ հանեցին, իսկ 2014-ին ու 2022-ին էլ ավելի ծանր դրության մեջ դրեցին Ուկրաինային»,- հայտարարեց Իվանիշվիլին, այսպիսով` փաստացի ոտնահարելով աշխարհաքաղաքական թշնամիների և բարեկամների մասին Վրաստանի քաղաքացիների դիրքորոշումը:

Ելույթ ունեցան Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Միջոցառման հաղորդավարն էր խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն: Նրանց հայտարարությունները ևս իրենց բովանդակությամբ հիմնված էին այն նարատիվների վրա, որոնք բարձրաձայնեց Իվանիշվիլին:

Ի դեպ, իշխող կուսակցությունը Վրաստանի տարբեր շրջաններից մոբիլիզացրել է քաղաքացիներին՝ ցույց տալու համար, թե նրանք աջակցում են «գործակալների օրենքին», որը հայտնի է որպես «ռուսական օրենք»։

Ընդգծենք՝ շուրջ 9 ժամ տևած խորհրդակցությունից հետո իրավական հարցերի հանձնաժողովը լիագումար նիստում այսօր միաձայն կողմ է արտահայտվել «գործակալների մասին» օրենքի երկրորդ ընթերցմանը։

Հիշեցնենք, որ երեկ ընդդեմ «ռուսական օրենքի» լայնամասշտաբ բողոքի ցույց է ընթացել: Ցուցարարների նկատմամբ «պղպեղի սփրեյ» և արցունքաբեր գազ է կիրառվել: Հատուկջոկատայիններն ու ոստիկանական տարբեր խմբերը բռնի ուժով ցրել են ցույցը: