Քաղաքացիներն ահազանգում են շների սպանդի մասին. ՍԱԳ-ը հերքում է

Գորիի կենդանիների կացարանի մոտ՝ կրեմատորիումի հարակից տարածքում, երեկ ակցիա է անցկացվել. կենդանապաշտպաններ են մեկնել Գորի նաև Թբիլիսիից։

Հարցը վերաբերում է երեկ սոցիալական ցանցում Էլիզբարաշվիլիի կենդանիների կացարանի տարածած տեղեկությանը, ըստ որի` գիշերը Գորիի կացարան են մտել շնորսիչ մեքենաներ, որից հետո տեղում միացվել է կրեմատորիումը (կրեմատորիումը կամ դիակիզարանը հատուկ հաստատություն կամ սարքավորում է, որտեղ բարձր ջերմաստիճանի միջոցով կատարվում է դիակիզում (այրում))։

Կենդանապաշտպան Իրմա Մթիուլիշվիլին, որը նկարահանել է սոցցանցերում տարածված կրեմատորիումի տեսանյութը, TV Pirveli լրատվամիջոցին պատմել է, որ տեղում տիրում էր բրդի և մսի անտանելի հոտ։

Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ շներին կրեմատորիումի մեջ են նետել նույնիսկ ողջ վիճակում։

Լարված է եղել իրավիճակը նաև Զուգդիդիում, որտեղ անօթևան շներին խնամողները դիմադրել են Սննդի ազգային գործակալության աշխատակիցներին։

Ըստ տեղացիների` Սննդի ազգային գործակալության աշխատակիցները տարբեր վայրերից հավաքած շներին թողել են ամայի վայրում։

«Մենք պահանջում ենք թափանցիկություն շներին տանելու, բերելու, ստերիլացման, պատվաստման վերաբերյալ. բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը պետք է հրապարակվեն, նաև տեղեկություն տրվի նրանց վերադարձի մասին»,- ասել է տեղացիներից մեկը։

Ավելի քան 40 կազմակերպություն և 24 հազարից ավելի կենդանասեր ակտիվիստ/քաղաքացի հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ նշված է, որ գործակալությունը չպետք է կենդանուն տեղափոխի կացարան, եթե դրա անհրաժեշտությունը չկա։

«2025 թվականին «Ընտանի կենդանիների մասին» օրենքի և 2025 թվականի հունիսի 26-ի N1019 կարգադրության հիման վրա Սննդի ազգային գործակալությունը սկսել է անտուն և խնամվող կենդանիների պոպուլյացիայի կառավարման պիլոտային ծրագիր։

Կարգադրությունը նախատեսում էր 9000 կենդանիների ստերիլացում/ամորձատում և պատվաստում կոնկրետ մունիցիպալիտետներում։
Տասնյակ ակտիվիստների փոխանցմամբ՝ գործակալությունը կենդանիների մեծ մասին չի վերադարձրել։ Խնամողներին տեղեկություն չեն տրամադրել կենդանիների գտնվելու վայրի մասին»,- ասել են նրանք` ընդգծելով կենդանիների մասին նոր կարգավորումների անհասկանալիությունը և անորոշությունը։

Դրանից հետո Սննդի ազգային գործակալությունն անօթևան կենդանիների վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Գործակալությունը նշել է, որ կենդանիներին այրելու մասին տարածված տեղեկությունը լիովին անհիմն է. «Նմանօրինակ ստերի տարածումը դուրս է ամեն տեսակ բարոյական սահմաններից և հանրությանը միտումնավոր մոլորեցնելու փորձ է»։

Ըստ հայտարարության՝ օպերատիվ կերպով ստուգվել է Գորիում գտնվող Շիդա Քարթլիի միջհամայնքային անօթևան կենդանիների կառավարման գործակալության կացարանի տարածքը, և ստուգման արդյունքում իրավախախտում չի հայտնաբերվել։
Շների հիպերպոպուլյացիայի կառավարման նպատակով երկրում մշակվել է ծրագիր, որը պետք է ապահովի ինչպես կենդանիների պաշտպանությունը, այնպես էլ վտանգ չստեղծի մարդկանց համար։

Նշված ծրագիրը, որը կգործի փուլ առ փուլ, նախատեսում է շների պատվաստում կատաղության դեմ, չիպավորում, գրանցում միասնական բազայում և ստերիլացում, ինչը թույլ կտա պաշտպանել նրանց հիվանդություններից, նաև ապահովել բնակչության անվտանգությունը։

Հիպերպոպուլյացիայի կառավարման ծրագիրը սկսվել է միայն թեստային գոտիներում (Իմերեթիի, Կախեթիի և Զուգդիդիի մունիցիպալիտետ), և հետևաբար, շների զանգվածային հավաքման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Շեշտում ենք, որ Սննդի ազգային գործակալությունը նշված վայրերից տարված շներին փուլ առ փուլ վերադարձնում է տվյալ տարածքներ։ Այլ է մոտեցումը դպրոցների, մանկապարտեզների և հիվանդանոցների տարածքներից տարված կենդանիների դեպքում. նրանք վերադարձվում են այդ տարածքներից ավելի հեռու վայրեր։

Ինչ վերաբերում է կենդանիներին այրելու մասին անհիմն և կեղծ մեղադրանքներին, ապա նման ստերը հանրությանը միտումնավոր մոլորեցնելու փորձ են։

Հայտնում ենք նաև, որ Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի Շիդա Քարթլիի տարածքային վարչության աշխատակիցներն ստուգել են Գորիի կացարանի տարածքը, և որևէ խախտում չի հայտնաբերվել։

Անօթևան կենդանիների կառավարման գործակալության տարածքում տեղադրված է ինսիներատոր (այրման սարք), որի գործունեության համար տրված է բնապահպանական թույլտվություն։ Թույլտվության պայմանների համաձայն՝ վարակների տարածումը կանխելու նպատակով ինսիներատորում կատարվում է կացարանի բնակիչ կենդանիների բժշկական սպասարկման արդյունքում առաջացած թափոնների և մահացած կենդանիների ուտիլիզացիա։

Հատկանշական է, որ հասարակության մի մասը կատարվածին սուր է արձագանքել։ Քաղաքացիները պահանջում են վերանայել որոշումը և խստացնել անօթևան կենդանիների պաշտպանության մեխանիզմները։