Հայաստանի ՆԳ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

Այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

ՀՀ ներքն գործերի նախարարության փոխանցմամբ՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ։ Բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունները, նախարարը նշել է տարիների ընթացքում կատարած աշխատանքները, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ Գիորգի Շարվաշիձեն նույնպես բարձր է գնահատել ձևավորված բարեկամական սերտ հարաբերությունները։ Նա փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով կառույցի ձևավորման աշխատանքները, անդրադարձ է կատարել մարզերում պարեկային ծառայության ներդրման, քրեական ոստիկանության ու տարածքային ստորաբաժանումների բարեփոխումներին», — նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են նաև Սևանա լճում ջրապարեկային ծառայության ներդրման, երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։