Անվասայլակով հնարավոր է միայն մետրոյի «Գոցիրիձե» կայարան մտնել

Թբիլիսիում մետրոյի 23 կայարան կա, սակայն անվասայլակով տեղաշարժվող անձինք կարող են մտնել միայն վերանորոգված «Գոցիրիձե» կայարան, քանի որ մնացած 22 կայարանները հարմարեցված չեն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։ Ըստ այդմ՝ անվասայլակով անձը Գոցիրիձե մուտք գործելուց հետո ոչ մի տեղ չի կարող գնալ` բացի հետ դառնալուց։

Հիշեցնենք, որ մետրոպոլիտենի «Գոցիրիձե» կայարանը բացվել է մարտի 18-ին՝ երեք տարի շարունակ բազմիցս հետաձգված աշխատանքներից հետո։ Այս կայարանը միակն է, որը քիչ թե շատ հարմարեցված է սահմանափակ կարողություն ունեցող անձանց կարիքներին. այստեղ տեղադրվել է երկու վերելակ, շոշափելի ուղիներ են կառուցվել տեսողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի համար։

Քաղաքապետարանից հայտնել են, որ նախատեսվում է նույնպիսի հարմարություններ ստեղծել մետրոյի բոլոր կայարաններում. այդ գործի իրականացմանը ներգրավված են նաև «Ասիական զարգացում» ու «Եվրոպական վերակառուցում և զարգացում» բանկերը։