Նորվեգիայի դեսպանին ԱԳՆ կանչելը հակապետական ​​քայլ է. ՄԱՇ նախագահ

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին հայտարարել է, որ Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենին արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ) կանչելը հակապետական ​​քայլ է և դավաճանություն երկրի շահերին։

«Այսօր մենք տեսանք «Ռուսական երազանքի» (նկատի ունի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը- խմբ.) ոչ ադեկվատ վերաբերմունքը. Նորվեգիայի դեսպանին կանչել էին նախագահ Սաակաշվիլիին մրցանակ շնորհելու կապակցությամբ բացատրություն պահանջելու համար:

…Երբ այս մարդիկ այլևս իշխանության ղեկին չլինեն, ոչ միայն նորվեգացիները, այլև ոչ ոք իրենց չի հիշի,- ասել է Խաբեիշվիլին։

Ի դեպ, Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան հանդիպել է Վրաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սանդ Անդրեսենին։ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման շարժառիթը Միխեիլ Սաակաշվիլիին մարդու իրավունքների պաշտպանության համար Նորվեգիայի պահպանողական կուսակցության կողմից մրցանակի շնորհումն է եղել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պարգևատրման կապակցությամբ Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել Նորվեգիայի դեսպանատան մոտ։