Հոգևորականներն այսքան չպետք է միջամտեն երկրի կառավարման հարցերին. Զուրաբիշվիլի

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից սատարվող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հոգևորականներին մեղադրում է պետության և եկեղեցու միջև առկա համաձայնության խախտման մեջ:

«Իմեդի» հեռուստաընկերության եթերում Զուրաբիշվիլին հայտարարել է, թե հոգևորականները՝ ինչպես նախընտրական քարոզարշավներում, այնպես էլ երկրի կառավարման հարցերում «այսքան չպետք է միջամտեն»: Զուրաբիշվիլին այսպես է արձագանքել Վրաստանում մարիխուանայի մշակման և արտահանման վերաբերյալ հոգևորականների քննադատական մեկնաբանություններին:

«Ինչպես կարող է եկեղեցին այս աստիճանի մասնակցություն ունենա նախընտրական քարոզարշավներին: Ի դեպ, որպես նախագահ, որպես պատասխանատու, եկեղեցու և պետության միջև կոնկորդատի կատարման վերաբերյալ ես կունենամ մեծ բողոք, քանի որ սա խախտում է բոլոր այն համաձայնագրերը, որոնք առկա են ուղղափառ եկեղեցու և պետության միջև», — հայտարարել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին խոսել է նաև լեզվական սխալների մասին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նախընտրական քարոզարշավի ժամանակ վրացերենի հետ կապված սխալները չեն խանգարում։

«Ես չգիտեմ, թե ինչ սխալների մասին է խոսքը: Արդեն 15 տարի է քաղաքականության մեջ եմ: Եղել եմ արտգործնախարար և այս տարի առաջին անգամ խոսում են վրացիներիս գիտելիքների մասին, ինչը փոքր-ինչ տարօրինակ է: Ուզում եմ ասել, որ դա արհեստականորեն սարքված թեմա է: Փորձում են վարկաբեկել իրենց հիմնական մրցակցին և այդպիսով փորձում են խառնաշփոթ ստեղծել», — ասել է նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: