Ընդդիմադիր պատգամավորին զրկեցին անձեռնմխելիությունից

Խորհրդարանական մեծամասնության որոշմամբ`4 դեմ և 15 կողմ ձայնով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան զրկվեց անձեռնմխելիությունից: Րոպեներ առաջ կայացված որոշման համաձայն՝ ընդդիմադիր պատգամավորին հնարավոր է ձերբակալեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր օրենսդիր մարմնին՝ խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և կալանելու համաձայնություն ստանալու համար: Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ խորհրդարանի նիստը մեկնարկել էր ժամը 09:00-ին, ընթանում էր աղմուկով և վեճերով:

Ինչպես դատախազն է հայտարարել, Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանք է առաջադրվել հունիսի 20-ին ցույցի ժամանակ խմբակային բռնություններին մասնակցելու և առաջնորդելու համար, մասնավորապես Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով: