Տեսակետների շարք. Լիզա Թորոսյան

«Տեսակետների շարք՝ էթնիկ փոքրամասնությունների կանանց աշխատանքային պրակտիկայի մասին» նախագծի շրջանակներում, «Union Freya»-ի և «Ալիք Մեդիա»-ի համագործակցությամբ ու «Վրաստանում կանանց հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ, ներկայացնում ենք էթնիկ փոքրամասնությունների կանանց աշխատանքային փորձի մասին հոդվածաշար։ Մեր զրուցակիցն է «Ալիք Մեդիա»-ի տնօրեն, լրագրող Լիզա Թորոսյանը։

Ինչպիսի՞ն է ձեր ուղին դեպի բարձրագույն կրթություն: Ի՞նչ փուլեր եք անցել մինչ մասնագիտություն ընտրելը։

Իմ դեպքում դա բավականին բարդ ստացվեց. թե ինչպես էի պատկերացնում մասնագիտություն ընտրելը, և դա իրականում ինչպես եղավ, միանգամայն տարբեր էին։ Դպրոցական տարիներին մենք շատ քիչ տեղեկություն ունեինք մասնագիտությունների մասին։ Ես ընտրեցի մասնագիտություն՝ հիմք ընդունելով այն առարկաները, որոնք ինձ դուր էին գալիս` աշխարհագրություն, քաղաքականություն, պատմություն և այլն, ուստի ընտրեցի միջազգային հարաբերությունները։ Ընդունվեցի և իսկապես մտածում էի, որ այս ոլորտում մասնագետի կարգավիճակ ստանալուց հետո դիվանագետ կդառնամ, բայց այդ համոզմունքս շատ շուտ փոխվեց։

ԲՈՒՀ ընդունվելիս ի՞նչ խոչընդոտի եք բախվել:

Կարելի է ասել՝ բախտս բերել է, քանի որ իմ ընտանիքի կողմից մասնագիտություն ընտրելու հարցում ճնշում չի եղել։ Համալսարան ընդունվելուց հետո նույնպես շարունակեցի անել այն, ինչ անում էի նախկինում՝ հոդվածներ գրել, լրագրողական գործունեություն ծավալել, ակտիվ մասնակցել հայ համայնքի կյանքին և այլն։

Իհարկե, շուրջս թերահավատություն կար. օրինակ՝ իմ դասարանի աղջիկներից ոմանք ընտանիք կազմեցին, իսկ մեր՝ մնացածիս ուսումը շարունակելու որոշմանը շատ թերահավատորեն էին վերաբերվում։

Ընտանիքիս միակ անհամաձայնությունը կապված էր արտասահմանում սովորելու հետ, քանի որ ինձ թույլ չէին տալիս սովորել իրենցից հեռու այլ երկրում։ Սա ավելի շատ պայմանավորված է ծնող-երեխա կապով, քան ավանդույթներով կամ որևէ այլ խոչընդոտող գործոնով:

Ի՞նչը մղեց ձեզ նախընտրել այդ մասնագիտությունը:

Համալսարանում մասնագիտության ընտրությունս պայմանավորված էր նրանով, որ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ներառում է մի քանի ոլորտներ, այդ թվում՝ հոգեբանություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Ինձ շատ հետաքրքրեց այս ամենն ու մտածեցի, որ դա անպայման օգտակար կլինի։ Եվ` ստացվեց։

Հետագայում, երբ հիմնադրվեց «Ալիք Մեդիա»-ն, սկսեցի աշխատել մեդիադաշտում և այժմ մասնագիտությամբ մեդիաոլորտում եմ։ Դեռ մեդիայում աշխատելուց առաջ տարբեր ամսագրերում գրելու փորձ ունեի, ակտիվ էի հայ համայնքում, համայնքն ուներ նաև ռադիո, որտեղ հաղորդավարներից մեկը ես էի։ Լավ էի գրում, ուստի մտածեցի շարունակել աշխատանքս այս ուղղությամբ։

Լրատվամիջոցում մենք համախմբվեցինք մեկ գաղափարի շուրջ, և այդ գաղափարը հանրությանն իրազեկումն էր։ Իսկ իրազեկումն ու տեղեկատվական տեխնիկան շատ կարևոր են նույնիսկ իմ մասնագիտության՝ միջազգային հարաբերությունների առումով, և մենք գիտենք, որ հզոր զենքերից մեկը տեղեկատվական դաշտն է։ Ուստի տեղեկատվական դաշտում աշխատելն ինձ համար այդ պահին շատ հետաքրքիր էր։

Ուզում եմ նաև նշել, որ մեր լրատվամիջոցը՝ «Ալիք Մեդիա»-ն, ստեղծվել է հենց այն պատճառով, որ մեր բնակչության մի մասը պետական ​​լեզվի չիմացության պատճառով տեղեկություն չուներ, թե ինչ է կատարվում երկրում, ուստի որոշեցինք Վրաստանում հայոց լեզվով լուսաբանել սոցիալական, քաղաքական, տնտեսական և այլ հարցեր։ Այսօր արդեն ութերորդ տարին է, ինչ աշխատում ենք։

Եվ կարճ ասած՝ իմ մասնագիտության ընտրությունը պայմանավորված էր ուրիշներին օգնելու, ուրիշներին զորացնելու ցանկությամբ։

Ո՞ր ոլորտներում եք աշխատել՝ մասնավոր կամ պետական:

Հիմնականում աշխատել եմ մասնավոր ոլորտում՝ հասարակական կազմակերպությունում։ Արդեն ութերորդ տարին է, ինչ աշխատում եմ «Ալիք Մեդիա»-ում՝ սկզբում որպես լրագրող, իսկ այժմ՝ տնօրեն։ Ես նաև Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի (GRASS) տարածաշրջանային վերլուծաբանն եմ, որը նույնպես համարվում է մասնավոր ոլորտ: Որպես լրագրող, թարգմանիչ աշխատել եմ տարբեր ընկերություններում, այդ թվում՝ միջազգային, իսկ որպես թարգմանիչ՝ կարճաժամկետ համագործակցել եմ մի քանի նախարարությունների հետ։

Ի՞նչ խոչընդոտներ եք հաղթահարել ուսման կամ աշխատանքի ընթացքում:

Համալսարանում և աշխատավայրում հիմնական խոչընդոտը լեզվի ոչ լիարժեք իմացությունն էր։ Հատկապես լրագրության մեջ, երբ պետք է գնայի հարցազրույցների և ձայնագրեի դրանք. բոլորի համար դժվար է, և պատկերացրեք, թե որքան դժվար է, երբ լեզվին լիարժեք չես տիրապետում:

Ի՞նչ է ձեզ տալիս էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ լինելը: Երբևէ զգացե՞լ եք խտրականության դրսևորում էթնիկ պատկանելության պատճառով:

Համալսարանում հիմնականում դրական խտրականության եմ բախվել՝ ես փորձում էի հավասար լինել բոլորին, և «ընդունված» պրակտիկան այն էր, որ հայ և ադրբեջանցի ուսանողներին պետք է օգնել, և դա խանգարում էր ինձ հավասար զգալ մյուսների հետ։

Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա սկզբում սկսեցի աշխատել հայալեզու լրատվամիջոցներում, իսկ հետո որտեղ սկսում էի աշխատել, այդտեղ միշտ առաջնահերթություն էին տալիս իմ ազգային պատկանելությանը՝ տպավորություն ստեղծելով, թե ես այլ ուժեղ կողմեր ​​չունեմ։ Այնուամենայնիվ, դուք կարող եք դրան նայել մյուս կողմից. հիանալի է, երբ կարող ես օգտագործել դպրոցում ստացած գիտելիքը և օգնել համայնքիդ:

Ի դեպ, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները շատ հազվադեպ են աշխատել որևէ ոլորտում՝ «սովորական» պաշտոնում։ Կազմակերպություններում հիմնականում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները ուղղակիորեն աշխատում են էթնիկ փոքրամասնությունների խնդիրների վրա կամ այնպիսի դիրքերում, որտեղ հայերենի կամ ադրբեջաներենի իմացություն է պահանջվում:

Եվս մեկ խտրական մոտեցում է Վրաստանում ապրող մեր ազգությամբ հայ քաղաքացիներին Հայաստանի հետ կապելը: Օրինակ, երբ ճաշի ժամանակ զրուցում էինք աշխատակիցների հետ և ինչ-որ թեմա էինք քննարկում, այնուհետև հնչում էր հարցը` «իսկ ինչպե՞ս է ձեզ մոտ», այսինքն՝ մեզ մոտ որտե՞ղ։ Կամ ինձ հաճախ ասում են՝ «քո երկիրը», «քո վարչապետը», երբ ի նկատի ունեն Հայաստանը կամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ձեր կարծիքով` ի՞նչ խոչընդոտների են հանդիպում էթնիկ փոքրամասնությունների կանայք աշխատանքային գործունեության ընթացքում:

Մենք գիտենք, որ Վրաստանում կանանց աշխատանքային միջավայրն առանց այդ էլ բարդ է, այնպես որ կանայք ավելի հաճախ դառնում են աշխատանքի խտրականության զոհ կամ տղամարդիկ ավելի լավ կարգավիճակում են աշխատավայրում և այլն։ Պատահել է, որ ես ու գործընկերս նույն նախագիծը ներկայացրել ենք ղեկավարին, բայց իմը հավանության չի արժանացել, մինչդեռ գործընկերոջս նախագիծն իրականացվել է։

Նաև, օրինակ, գործունեության մի շարք ոլորտներ էթնիկ փոքրամասնությունների կանանց համար ավանդույթի պատճառով անհասանելի են, և նրանց համար հիմնական «ընդունելի» մասնագիտությունն ուսուցիչն է։ Հաճախ զարմանում են, որ կինը կարող է լրագրող աշխատել։ Այստեղ նշեմ, որ մինչ աշխատելը կնոջը նույնպես արգելվում է մասնագիտություն ընտրել։ Օրինակ, եթե աղջիկը ցանկանում է դառնալ ոստիկան, հաշվապահ կամ այլ բան, ապա նրան դա թույլ չեն տալիս, և հիմնականում աղջիկներն ընտրում են ուսուցչի կամ բժշկի մասնագիտություն։ Հետևաբար, նրանք ամբողջ կյանքում աշխատում են մի մասնագիտությամբ, որն իրենք չեն ընտրել։

Չմոռանանք նշել, որ խոչընդոտների պատճառով շատ դեպքերում կանանց թույլ չեն տալիս աշխատել և ասում են` կնոջ գործն ընտանիքն է, և կինը պետք է հոգ տանի միայն իր ընտանիքին և երեխաներին։ Իհարկե, սա ճիշտ չէ. կանայք շատ ուժեղ են, նրանք կարող են հոգալ ընտանիքի կարիքները, երեխաներին խնամել, կարիերա անել։ Գոյություն ունեցող կարծրատիպերը ստեղծում են բազմաթիվ խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս կանանց գիտակցել իրենց դերն աշխատավայրում: