Ախալքալաքում հրաժարվում են մասնակցել «Աշխարհի ժողովուրդների բարեկամություն» փառատոնին

Ախալքալաքի Lineup կենտրոնի «Արէ» համույթի բոլոր խմբերը չեղարկում են առաջիկայում փառատոնների և այլ համերգային ծրագրերի մասնակցությունը։ Այս մասին կենտրոնը տեղեկություն է տարածել ֆեյբուքյան էջում, և առաջիկայում՝ սեպտեմբերի 30-ին կայանալիք «Աշխարհի ժողովուրդների բարեկամություն» միջազգային ֆոլկլորային փառատոնին մասնակցության չեղարկման մասին ևս կենտրոնը հաստատեց «Ալիք Մեդիային»։

«2 օրվա ընթացքում Արցախում զոհվել են 200-ից ավելի մեր հայրենակիցներ. հանուն նրանց անմար սխրանքի, մենք հրաժարվում ենք առաջիկայում մասնակցել որեւէ տոնական միջոցառման», — փոխանցում են Lineup-ից։

Ախալքալաքում գործող Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնը ևս հայտնում է, որ չի մասնակցելու սեպտեմբերի 30-ին Վրաստանի պարարվեստի միության կողմից Ախալքալաքում կազմակերպվող պարի միջազգային փառատոնին։
«ԱԵԿ-ի չմասնակցելը փառատոնին կապված է այս օրերին Արցախում մեր հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունների հետ։
Արցախցու ցավը համահայկական է։ Նրան զորավիգ լինելը ամեն մի հայի սրբազան պարտքը», — նշված է հաղորդագրության մեջ։

Փառատոնի անցկացման վերաբերյալ ֆեյբուքյան օգտատերը գրում է՝ ողջունելի էր, որ մեր քաղաք էին հյուրընկալվելու աշխարհի տարբեր երկրներից մշակութային գործիչներ, սակայն այսօր, շատ հասկանալի պատճառներով, ես չեմ ցանկանա, որ մեր քաղաքում անցկացվի այս տոնական միջոցառումը․

«Իհարկե ես էլ հասկանում եմ, որ կազմակերպիչները գումար ու այլ ռեսուրսներ են ծախսել, դժվար է, ինչ խոսք… բայց կարծում եմ իրենք էլ լավ գիտեն, որ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են և կկարողանան ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ փառատոնը չեղարկելով կամ այլ քաղաք տեղափոխելով»:

Հատկանշական է, որ Փառատոնը կազմակերպվել է Վրաստանի խորեոգրաֆների միության Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից և այս մասին տեղեկությունը հրապարկվել էր օգոստոսի 25-ին։

Նշենք, նաև, որ Ախալքալաքի օրվան՝ սեպտմբերի 9-ին նվիրված, սակայն Գուրիայում տեղի ունեցած աղետի պատճառով հետաձգված և սեպտեմբերի 25-ին նախատեսված «Ղամիս շոու» համերգը կրկին հետաձգվել է։

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, երբ հայտնի դարձավ, որ Ախալքալաքում համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին, Ախալքալաքի մի շարք բնակիչներ բողոքի ալիք բարձրացրին սոցիալական ցանցերում։ Ախալքալաքցիները պահանջում էին հարգել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականցված ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց հիշատակը և հետաձգել համերգը։ Ավելի ուշ, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը jnews.ge-ին փոխանցել էր, որ համերգը անորոշ ժամանակով կհետաձգվի։