Տատունաշվիլիի ընտանիքը բռնության հետքերի մասին է բարձրաձայնում

Մոտ մեկ ամիս առաջ Ցխինվալիի հիվանդանոցում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի դին փոխանցվել է ընտանիքին։

Վրաստանում անցկացված բժշկական փորձաքննության արդյունքները պարզ կդառնան առաջիկա շաբաթվա ընթացքում, սակայն մինչ այդ ընտանիքի անդամներն ու հարազատները հայտարարել են, որ Տատունաշվիլին կտտանքների է ենթարկվել, նրա մարմնի վրա բռնության հետքեր կան:

Ռուսթավի 2-ի փոխանցմամբ, ընտանիքի անդամներից մեկը ասել է, որ Տատունաշվիլիի աջ ձեռքի ցուցամատը կոտրած է, բռնության հետքեր կան մեջքի ու կողային հատվածներում:

«Իսկապես, բռնության հետքերն ակնհայտ են։ Ընտանիքի համար անասելի ցավ էր 26 օրվա սպասումը»,-ասել է Ախալգորի շրջանի ղեկավար Նուգզար Թինիկաշվիլին:

Նկատենք, որ Ցխինվալիում անցկացված դատաբժշկական փորձաքննությունը բռնության հետքեր չէր արձանագրել։

Հիշեցնենք, որ «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության ներգրավվածությամբ մարտի 20-ին Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունը Վրաստանին փոխանցեց Արչիլ Տատունաշվիլիի դին:

Գործընթացին մասնակցել են նաեւ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կախա Քեմոկլիձեն, Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին եւ այլ պետական հաստատությունների ներկայացուցիչներ:

Ցխինվալիում մահացած քաղաքացու դին Վրաստանին փոխանցել են Էրգնեթիի հետ շփման գծում: Այն նախ տեղափոխվել է Թբիլիսի՝ փորձաքննության ազգային բյուրո, ինչից հետո Ծիլկանի՝ Տատունաշվիլիի տուն:

Լուսանկարը՝ rustavi 2.ge կայքից

Թողնել պատասխան