Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման համար երկրորդ մրցույթն է հայտարարվել

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելիի փողոցում գտնվող Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման իրավունքի համար երկրորդ անգամ է մրցույթ հայտարարվել:

Տեղեկության համաձայն, մրցույթի արժեքը 1 մլն 893 հազար 840 լարի է: Մրցույթին մասնակցությունը հնարավոր կլինի ապրիլի 8-13-ը։

Ի դեպ, առաջին մրցույթին, որը հայտարարվել էր երկու ամիս առաջ, մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Ռոուս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որին քաղաքապետարանը որակազրկել է տեխնիկական փաստաթղթերի պատճառով։

Նշենք, որ կամրջի վերականգնման գումարի 95 տոկոսը ֆինանսավորվում է կենտրոնական բյուջեի, իսկ 5 տոկոսը՝ տեղական ինքնակառավարման միջոցների հաշվին։ Կամրջի վերականգնման նախագծով նախատեսվում է վերանորոգել կամուրջը և կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքը։

Նախագծային փաստաթղթի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պետք է աշխատանքները կատարի պայմանագիրը կնքելուց հետո 5 ամսվա ընթացքում։