«Մզիուրի» այգին ընդարձակվում է

Թբիլիսիի «Մզիուրի» այգու տարածքում, որն անցյալ տարվա աշնանը Թբիլիսիի քաղաքապետարանը հետ էր վերցրել, կառուցվում է հանգստի գոտի։ Տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության՝ աշխատանքն իրականացնում է Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային վարչությունը։

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն` փոխքաղաքապետեր Իրակլի Բենդելիանիի և Անդրիա Բասիլաիայի հետ, ծանոթացել է ընթացող աշխատանքներին։

««Մզիուրիի» տարածքը, որը կազմում էր մոտ 1,5 հա և մասնավոր սեփականություն էր, ձեռք է բերել քաղաքապետարանը։ Այգում կլինեն երեխաների համար հարմարեցված խաղահրապարակ, պիկնիկի և շների զբոսանքի համար հատկացված տարածք։ «Մզիուրիի» տարածքի ընդլայնումը կարևոր է բոլորի համար` անկախ տարիքից»,- ասել է Կախա Կալաձեն։