Բողոքի ցույց՝ ընդդեմ Սաակաշվիլիի ստացած մրցանակի

Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պարգևատրման կապակցությամբ Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվել Նորվեգիայի դեսպանատան մոտ։

Ըստ «Իմեդի» հեռուստաընկերության՝ ցույցի կազմակերպիչներն են Սուլխան Մոլաշվիլիի եղբայրը՝ Թոռնիկե Մոլաշվիլին, եւ մյուս զոհվածների ընտանիքները։ Ի դեպ, Սոխումիի համալսարանի մասնակիցներից մեկը «Պիրվելի արխի»-ին ասել է, որ ակցիայի մասին տեղեկացել է ուսանողական խորհրդից, որտեղ նաև ասվել է, որ ներկա լինելը պարտադիր չէ։

Հիշեցնենք, որ Սուլխան Մոլաշվիլին վրացի քաղաքական գործիչ էր։ 2004 թվականին նա ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիայի մեղադրանքով։ Բանտարկության տարիներին տեղեկություն տարածվեց Մոլաշվիլիին բանտում խոշտանգումների ենթարկելու մասին։ Նա մահացավ Փարիզում, ուր մեկնել էր բուժվելու նպատակով։

«Մենք եկել ենք այստեղ խնդրելու Նորվեգիայի դեսպանին` դուրս գալ և հայտարարել, որ դա Նորվեգիայի կառավարության դիրքորոշումը չէ։ Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիին, ապա նրա հրամանները հիմնված են եղել զրոյական հանդուրժողականության վրա, նաև` բազմաթիվ մարդկանց է սպանել Միխեիիլ Սաակաշվիլին»,- ասել է Թոռնիկե Մոլաշվիլին։

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին արժանացել է նորվեգացի քաղաքական գործիչ Շուր Լինդերբրեկեի անվան մրցանակին՝ հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության պայքարելու համար։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարծիքով՝ Սաակաշվիլիին նորվեգական մրցանակի շնորհումը վիրավորանք ու ծաղր է վրաց ժողովրդի նկատմամբ։

Վրաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենն ասել է, որ նախկին նախագահին մրցանակը շնորհել է Նորվեգիայի քաղաքական կուսակցություններից մեկը, և այդ պարգևը չի արտահայտում Նորվեգիայի կառավարության դիրքորոշումը։