Բաթումիի քաղաքային դատարանի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիի քաղաքային դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Մարտի 27-ի երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել շենքի ուղղությամբ, հայտնում է Batumelebi.ge լրատվամիջոցը։

Տուժածներ չկան, կրակը մարել են դատարանի աշխատակիցները՝ մինչ հրշեջ-փրկարարական ծառայության ժամանումը։

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հիման վրա։