Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways ընկերությունը մուտք է գործում վրացական ավիացիոն շուկա։
Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված նախնական դիմումի համաձայն՝ ավիաընկերությունը նախատեսում է Աբու Դաբի-Թբիլիսի օդային երթուղով չվերթեր սկսել 2026 թվականի մարտից։
Չվերթերը նախատեսվում է իրականացնել շաբաթական 14 անգամ։ Etihad Airways-ի թռիչքի թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը կսկսվեն 2025-2026 թվականների ձմեռային նավիգացիոն սեզոնից առաջ։
Ներկայումս Թբիլիսի-Աբու Դաբի օդային երթուղին շահագործում է «Էյր Արաբիա Աբու Դաբին»։ Այժմ այս ուղղությամբ չվերթերը կատարվում են շաբաթական 7 անգամ։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ Պարսից ծոցի երկրների շարքում Վրաստանն ամենաակտիվ օդային երթևեկությունն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Անցյալ տարվա տվյալներով՝ երկու երկրների միջև տեղափոխվել է 647 հազար 710 ուղևոր, որը կազմել է Վրաստանի և Պարսից ծոցի երկրների միջև ուղևորահոսքի ընդհանուր ծավալի 59%-ը։
«Etihad Airways-ի մուտքը վրացական ավիացիոն շուկա կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, ուղևորափոխադրումների հետագա աճին, նաև Վրաստանում քաղաքացիական ավիացիայի և զբոսաշրջության ոլորտների ամրապնդմանը», — նշել է նախարարությունը։