Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը հանդիպել է Իլիա 2-րդին

2019 թվականի սեպտեմբերի 13-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը Թբիլիսիի Պատրիարքարանում հյուրընկալեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանին:

Թեմի առաջնորդական տեղապահին ընկերակցում էին առաջնորդական տեղապահի խորհրդական Արմեն Գևորգյանը, Վրաստանի հայերի միության փոխնախագահ և «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:

Հանդիպումը ծանոթության բնույթի էր: Թեմի առաջնորդական տեղապահը իր հարգանքի հավաստիքը բերեց Իլիա Երկրորդին և երախտագիտություն հայտնեց ընդունելության համար, փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույնները և եղբայրական սերը, Ով իր աղոթքներում մշտապես հիշում է Վրաց Պատրիարքին:

Առաջնորդական տեղապահը կարևորեց հայ և վրաց եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը, ընդգծեց, որ բոլոր ժամանակներում Հայոց Եկեղեցու առաջնորդարանի և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի համագործակցությունը եղել է և կշարունակվի համահունչ, երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերը կգտնեն ընդհանուր լուծումներ քրիստոնեական սիրո և եղբայրության ոգով:

Իլիա Երկրորդը առաջնորդական տեղապահին խնդրեց Իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և տեղեկացնել, որ Ինքը բարձր է գնահատում Հայոց Հայրապետի՝ հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, և Իր ամբողջական աջակցությունն է հայտնում Նորին Սրբության Կաթողիկոսական առաքելության Աստվածընտիր ծառայությանը:

Վրաց Եկեղեցու Հովվապետը կարևորեց Հայաստանի և Վրաստանի հնամենի քրիստոնեական եկեղեցիների և ժողովուրդների բարեկամության անսասանությունը, որը պետք է հենված լինի փոխադարձ սիրո, հարգանքի և համագործակցության վրա:

Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը շնորհավորեց առաջնորդական տեղապահին հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում իրականացնելու համար, մաղթեց Աստվածահաճո և նվիրական ծառայություն և արտահայտեց իր աջակցությունը երկու քրիստոնյա եկեղեցիների համագործակցությանը:

Վերջում Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքն իր օրհնությունը փոխանցեց հայ հավատացյալներին:

Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպումն անցավ ջերմ և քրիստոնեական սիրո մթնոլորտում: Փոխանցում է Վիրահայոց թեմը։