Ինչ է պետք իմանալ Flex ծրագրին դիմելուց առաջ․ Ռիմա Մառանգոզյանը կիսվում է փորձով

Սեպտեմբերի 16-ին Նինոծմինդայում կկայանա ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրի ընդունելության առաջին փուլը:

Ծրագիրը նախատեսված է Վրաստանի քաղաքացի 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր տիրապետում են անգլերենին, ունեն դրական թվանշաններ, ծնվել են 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2005 թվականի հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում և համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին։

Ի՞նչ է պետք իմանալ ծրագրին դիմելուց առաջ. Flex-ի շրջանավարտ, վիրահայ Ռիմա Մառանգոզյանը, ով նշված ծրագրով ԱՄՆ-ում անցկացրել է 10 ամիս, կիսվում է իր փորձով:

Ռիման ծնունդով Չամդուրայից է, սովորել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում: Ծրագրի մասին առաջին անգամ տեղեկացել է 10-րդ դասարանում, այդ ժամանակ, սակայն կարծել է, որ անգլերենի հերթական օլիմպիադային է մասնակցում.

«Այդ տարիներին անգլերենի դասընթացների էի հաճախում, մասնակցում էի լեզվի հետ կապված տարբեր մրցույթների, օլիմպիադաների, երբ իմացա Flex-ի մասին, կարծում էի հերթական մրցույթին պետք է մասնակցեմ, այդ նպատակով մեկնեցի Ախալցիխե, այդ տարիներին ընդունելություն Նինոծմինդայում չկար»,- ասում է Ռիման՝ հիշելով 14 տարեկան հասակում հանձնած առաջին քննությունը, որը հետագայում «կյանքը փոխեց 180 աստիճանով»: Քննության առաջին փուլը հաղթահարելով՝ հանձնելով թեստ, մասնակցել է նաև 2-րդին, այս անգամ, սակայն չի հաջողվել հաղթահարել անցողիկ շեմը:

Մառանգոզյանն ասում է՝ «դրանից հետո ԱՄՆ-ում ապրելը երազանք դարձավ», մեկ տարի ակտիվորեն զարգացրել է լեզվի մակարդակը: Նորից դիմելով ծրագրին, անցել է բոլոր փուլերը.

«Անընդհատ երազում էի, պատկերացնում, որ ԱՄՆ-ում եմ, բայց միևնույնն է չէի հավատում, որ այդ օրը մոտենում է: Իրականում Flex-ի համար լեզվի իմացությունն այդքան էլ կարևոր չէ, հարցազրույցների ժամանակ ուշադրություն են դարձնում նաև հոգեբանական վիճակին»:

Ռիմայի խոսքով, ծրագիրը պահանջում է բազմաթիվ փաստաթղթեր լրացնել մինչև ԱՄՆ մեկնելը, անգամ մեկ ամսով աշակերտներին ուղարկում են Մոլդովա՝ ճամբար, ինչի նպատակն ինտենսիվ անգլերենի դասընթացներին մասնակցելն է: Ճամբարի ավարտից հետո աշակերտները ևս մեկ անգամ թեստ են հանձնում՝ արձանագրելու լեզվի մակարդակի բարձրացումը, հակառակ դեպքում զրկվում են ԱՄՆ ուղևորվելու հնարավորությունից:

«Իմ դեպքում հաստատվեց ԱՄՆ-ում 10 ամիս անցկացնելու հնարավորությունը, Մոլդովայից անմիջապես հետո մեկնեցի Կոլորադոյի նահանգի Գրիլի քաղաք: Այն փոքր քաղաք է, որտեղ կա 100 000 բնակիչ։ Դպրոցն էլ նման չէր իմ պատկերացրած դպրոցներին, այստեղ սովորում էր մոտ 200 աշակերտ: Ապրում էի մի տատիկի տանը, նա մոտ 79 տարեկան էր, նույն տան մեջ հյուրընկալվում էր նաև փոխանակման ծրագրով սովորող Ալբանացի «քույրս», որն այդ ընթացքում իսկապես քույր դարձավ ինձ համար»։

Ռիման ասում է՝ քոլեջի ու համալսարանների համար նախապատրաստական դպրոցում, որտեղ սովորում էր, առարկաները պարտադիր էին և ընտրովի: Ամերիկայի պատմություն, գրականություն, մաթեմատիկա, խորացված նկարչության ու ֆիզկուլտուրայի դասաժամեր ու պարտադիր կարգով կամավորության դաս, որը ենթադրում էր լինել ուսուցչի օգնական: Ռիման առանձնացնում է կամավորության դասը, ասում է՝ այն շատ բան է փոխել իր կյանքում, սերմանել բարություն ու բազմաթիվ այլ դրական մարդկային հատկանիշներ:

ԱՄՆ-ում սովորելուց հետո 4 տարի է անցել, ասում է երազի նման է հիշում 10 ամիսները, իսկ կյանքը բաժանում է երկու մասի՝ Flex-ից առաջ ու Flex-ից հետո:

«Flex-ն ինձ փոխել է 180 աստիճանով, ես դարձել եմ այլ մարդ: Երբ մեկնեցի ԱՄՆ 16 տարեկան էի, կարծում եմ այդ տարիքում միջավայրը շատ է ազդում որպես անձ ձևավորվելու վրա: Փոխվել է մտածելակերպս, աշխարհայացքս, միայն կամավորության դասը բավական էր այս հատկությունները ձեռք բերելու համար»։

Ռիման խոսում է նաև ծրագրի ընթացքում հանդիպած դժվարությունների մասին. անգլերենով սովորելու բարդությունները, տերմինները, դասերը սովորելու համար լուսացրած գիշերներն ու իհարկե, կարոտը, սթրես է տանից մեծ հեռավորության վրա գտնվող աշակերտի համար:

«Այնտեղ տարբեր է անգամ օդը»,- կատակում է Ռիման ու ավելացնում. «Ամերիկացիները հայերից տարբերվում են գրեթե 100 տոկոսով, այստեղ գալուց պետք է իմանաս, որ չես ճանաչում ոչ-ոքի, այստեղ չունես ընկերներ ու հարազատներ, կարծես նոր ծնված մարդ լինես ու քո նոր կյանքը պետք է ստեղծես ինքդ»:

Աշակերտներ Իտալիայից, Ուկրաինայից, Ալբանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Հայաստանից ու Վրաստանից. Ռիմայի ամերիկյան բազմազգ ընտանիքն են, որոնք մեծ հետք են թողել նրա՝ որպես անձի զարգացման վրա:

Ռիման իր խորհուրդն է տալիս աշակերտներին, ովքեր պատրաստվում են դիմել ծրագրին.

«Անպայման փորձեք ամեն նոր բան, դպրոցում ընտրեք այն բոլոր հավելյալ առարկաները ինչի հնարավորություն կունենաք, ոչ մի րոպե պետք չէ կորցնել ու մնալ անգործ, առավելագույնս ինտեգրվեք ամերիկյան կյանքին ու հասարակությանը։ Իսկ բոլոր նրանց, ովքեր նոր են ուզում դիմել, կամ դիմել են մեկ անգամ ու չեն հաղթահարել, խորհուրդ եմ տալիս չհանձնվել․ ես անցել եմ 2-րդ փորձից հետո, ծանոթներ ունեմ, ովքեր 3-րդից միայն։ Եթե ձեր առաջ նպատակ եք դնում, անպայման հասեք այդ նպատակին, առավելագույնս օգտագործեք ձեր ուժերն ու մի կանգնեք ոչ մի դժվարության առաջ։ Շատ դժվար է լինելու, բայց երբեք մի՛ հանձնվեք»: