Թբիլիսիից դուրս եկող մայրուղին 8 գոտի կունենա

Ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է արդիականացնել Թբիլիսիից դուրս եկող մայրուղին: Ըստ bm.ge-ի` Կոշիգորիի տակ 13 կամուրջ և թունել են կառուցվելու:

Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ կընդլայնվի Դավիթ Աղմաշենեբելիի նրբանցքը, և Ագրարային համալսարանին ու Ազգային հավաքականի մարզական բազային զուգահեռ կկառուցվի էստակադա, որը կմիանա «Շկոդա» կենտրոնի մոտ գտնվող թունելներին: Թունելների երկարությունը կկազմի 1.6 և 1.9 կիլոմետր, որոնք ուղղակիորեն կմիանան նոր կամրջին, որի միջով երթևեկության հոսքը կշարունակվի՝ շրջանցելով Մցխեթան:

Ընդհանուր առմամբ, արդիականացումը կիրականացվի Թբիլիսիից դուրս եկող 11 կիլոմետրանոց ճանապարհային հատվածում, որն ամբողջությամբ կվերածվի 8 գոտի ունեցող ճանապարհի (յուրաքանչյուր ուղղությամբ 4 գոտի): Նախագիծն իրականացնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը, իսկ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը՝ ավստրալական SMEC International ինժեներական ընկերությունը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը և մանրամասն նախագծային փաստաթղթերը ներկայացվել են Բնապահպանական վերահսկողության վարչություն՝ հաստատման համար: Քաղաքացիները կկարողանան իրենց դիտողությունները ներկայացնել վարչությանն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում: