Ղարիբաշվիլին Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային միջավայրը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է «Շարժե՞լ սարերը. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով մյունխենյան պանելային քննարկմանը:

«Կարծում եմ, որ սա իսկապես պատմական հանդիպում է, որն արդեն խոսում է համաժողովի հաջողության մասին», — ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ նշել է, որ այն իսկապես մեծ մարտահրավեր է բոլորի համար։ 2008 թվականին Վրաստանը ևս պատերազմ է ունեցել Ռուսաստանի հետ, Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի պատմական տարածքները և երկրի տարածքում երկու ռազմակայան տեղադրել։

Վարչապետի խոսքով, «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո մեծ ջանքեր են գործադրվել դեէսկալացիայի առումով, մյուս կողմից երկիրը եվրաինտեգրման ճանապարհին ակտիվորեն համագործակցում է Արևմուտքի հետ։

«Նշվեց Ռուսաստանից բխող վտանգների մասին։ Նախ պետք է ասեմ, որ երբ խոսում եմ մեր եվրոպացի, ամերիկացի, միջազգային գործընկերների հետ, նրանք բոլորն էլ համաձայն են, որ մենք հիմա այն վիճակում չենք, որ հնարավոր լինի ավելի ճշգրիտ, կոնկրետ խոսակցություն ունենալ, թե ինչ է լինելու Ուկրաինայում։

Իհարկե, այս պատերազմը կազդի այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան… և ուղղակիորեն եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետության վրա՝ ամբողջ աշխարհում, որովհետև Ռուսաստանը ներկայում փորձում է փոխել միջազգային կարգը՝ կանոնների վրա հիմնված», — ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետը նշել է, որ պատերազմը լուծում չէ։ Վրաստանը փոքր երկիր է՝ ընդամենը 4 միլիոն բնակչով, որն ունի բազում մարտահրավերներ, բայց վերջին տասնամյակը միակ խաղաղ շրջանն է։

«Մեր իշխանության տասը տարիների ընթացքում մենք ապահովել ենք խաղաղություն և կայունություն։ Եվ սա այն է, ինչ պետք է մարդկանց՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում: Պատերազմով մենք չենք կարող հասնել բարգավաճման, մենք չենք կարող հասնել կայունության», — նշել է Վրաստանի վարչապետը:

Ամփոփելով Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումը, Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վրաստանը ձգտում է առանցքային դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։