Ստրասբուրգի դատարանն անընդունելի է ճանաչել Ուկրաինայի դեմ Սաակաշվիլիի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անընդունելի է ճանաչել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի բողոքն ընդդեմ Ուկրաինայի` այդ երկրի քաղաքացիությունից զրկվելու և երկրից վտարվելու համար։

Ուկրաինայի քաղաքացի, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Սաակաշվիլիի գնահատմամբ` ՄԻԵԴ կոնվենցիայի մի քանի հոդվածներ խախտվել են։ Դրանց թվում այն հոդվածներն են, որոնք երաշխավորում են ազատության և անվտանգության իրավունքը, անմեղության կանխավարկածը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիությունը և արգելում են խոշտանգումներն ու անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը:

Ստրասբուրգի դատարանը հունիսի 29-ին հրապարակված վերջնական որոշմամբ բողոքն անընդունելի է համարել՝ ազգային պաշտպանության միջոցները չսպառելու հիմքով։

Ի դեպ, Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2012 թվականին՝ իշխող «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո։ 2015 թվականին՝ Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ:

Սաակաշվիլին, որ կոնֆլիկտ ուներ Ուկրաինայի կառավարության հետ և մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, նահանգապետի պաշտոնը թողել է 2016 թվականի նոյեմբերին և մի քանի ամիս անց ստեղծել է «Նոր ուժերի միություն» կուսակցությունը։ 2017 թվականի հուլիսին Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Ավելի ուշ նրան վտարել է Լեհաստանի տարածք։

2019 թվականի մայիսին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերականգնել է Սաակաշվիլիի քաղաքացիությունը, և նա վերադարձել է Ուկրաինա, որտեղ նշանակվել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար։

2021 թվականի սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին գաղտնի վերադարձել է Վրաստան։ Հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է Թբիլիսիում և դատավճռի հիման վրա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

2021 թվականի հոկտեմբերի 20-ին Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրել պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով։ Հետաքննության տվյալներով, սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին Ուկրաինայից գաղտնի վերադարձել է Վրաստան կաթնամթերքով բեռնված բեռնատարով, որն ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգստից նավով հասել է Վրաստանի Փոթիի նավահանգիստ։

2022 թվականի մայիսին Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառով քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։