Թբիլիսիում բացվեց մեծանուն հայ նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի հուշատախտակը

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Թբիլիսիում բացվեց մեծանուն հայ քանդակագործ, գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի հուշատախտակը։

Երվանդ Քոչարը 20-րդ դարի հայ և համաշխարհային արվեստի ամենանշանավոր դեմքերից է. նա ծնվել է Թբիլիսիում։

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը, հայտնի հասարակական գործիչ Վանիկ Բայբուրթը, Երվանդ Քոչարի ընտանիքի անդամներից որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, թոռնուհին՝ նկարչուհի Կարինե Քոչարը, նաև հայտնի շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Արարողությունն ընթացավ ելույթներով, որոնց ընթացքում ներկաները բարձր գնահատեցին արվեստագետի մեծ ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ և նրա՝ Թբիլիսիի հետ ունեցած սերտ կապը։

Ելույթներից հետո տեղի ունեցավ հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց ծաղիկների խոնարհումը՝ ի նշան մեծ արվեստագետի հանդեպ խորին հարգանքի։

Նախաձեռնությունն իրականացվել է Երվանդ Քոչարի թանգարանի և Վրաստանում ՀՀ դեսպանության  համագործակցությամբ։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը նշեց, որ հայազգի անվանի մշակութային գործիչ Երվանդ Քոչարի անունը հավերժացնող հուշատախտակի բացումը Վրաստանի սրտում, որտեղ բազմաթիվ հայ ժողովրդի զավակներ են կրթվել և բամաթիվ անվանի հայեր են սերվել՝ մեծ պատիվ է։

«Սա իրապես մեծ պատիվ է ինձ համար, և ավելի մեծ պատիվ է, որ դա իմ պաշտոնավարման շրջանում է տեղի ունենում։ Հուշատախտակը հավերժացնում է անվանի հայորդու անունը։ Քոչարի արվեստի մասին զգույշ կլինեմ և գնահատականներ չեմ ցանկանա հնչեցնել, որովհետև շատ անվանի արվեստագետներ և մշակութային գործիչներ արդեն նրա գործերի մասին խոսել են»,-ընդգծեց Աշոտ Սմբատյանը։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Երվանդ Քոչարի տուն-թանգարանի ղեկավարությանը, ՀՀ ԱԳ նախարարությանը, ԿԳ նախարարությանը, Վրաստանի ԱԳ նախարարությանը` համապատասխան ընթացակարգերը պահպանելու և Թբիլիսիի քաղաքային խորհրդին` այս հնարավորությունն ընձեռելու համար։

«Քոչար» մշակութային հիմնադրամի նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը` Երվանդ Քոչարի որդին, նշեց օրվա պատմականության մասին.

«Այս օրը շատ պատմական է իմ և մեր ժողովրդի համար, քանի որ այս օրը խոսում է այն մասին, որ վրաց և հայ ժողովուրդները մեկ միասնություն են։ 

Սա իմ տունն է. Վրաստանը, Թբիլիսին նաև իմ քաղաքն է, իմ մանկությունն այստեղ է անցել, հայրս հաճախ գալիս էր քույրերին տեսության, հիշում եմ ամեն մանրուք այդ օրերի հետ կապված։ Սա գեղեցիկ օր է, և կարծում եմ` Քոչարը հիմա երկնքում փայլատակում է»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ին պատմեց Ռուբեն Քոչարը։

Իր հույզերի և անցյալի հիշողությունների մասին պատմեց նաև Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, հասարակական-քաղաքական գործիչ Վան Բայբուրթը։

Գործիչը պատմեց Քոչարի առաջին ցուցահանդեսի, վրացի նկարիչ, գրաֆիկայի վարպետ, թատրոնի և կինոյի նկարիչ Լադո Գուդիաշվիլիի հետ հանդիպման մասին. նրա խոսքով՝ Քոչարի այս հուշատախտակը խոսում է այն մասին, որ Թբիլիսին մնում է հայ մեծերի և համաշխարհային ճանաչում ունեցող անձանց բնօրրան։

Մեծագույն երազանքի կատարման մասին պատմեց նաև Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, Երվանդ Քոչարի որդու՝ Հայկազ Քոչարի դուստր Կարինե Քոչարը.

«Սա մեր վաղեմի երազանքն էր, որ իրականություն դարձավ, երազանքն էր իմ կյանքից վաղաժամ հեռացած տատիկի՝ Մանիկ Մկրտչյան-Քոչարի…

Շատ յուրահատուկ են Թբիլիսիին կապվող իմ հիշողությունները և գուցե ամենաթանկերից. այստեղ է անցել նրա մանկությունը և պատանեկությունը, այստեղ է ստացել կրթություն և բացել առաջին ցուցահանդեսը, այստեղ է եղել նրա առաջին սերը»,- ընդգծեց Կարինե Քոչարը։

Նա նաև նշեց, որ Քոչարի թանգարանում գտնվող հուշերը վկայում են Քոչարի և վրաց մշակութային շրջանակի սերտ կապի մասին։ Թոռնուհին վերհիշեց Քոչարի վերջին ելույթում հնչած խոսքը. «Եթե Պիկասոն ասում էր, որ վախենում է ժամանակից, ապա իմ հույսը ժամանակի վրա է»` հավելելով, որ հուշատախտակի բացումը իսկապես մեծ մշակութային նշանակություն է կրում իր մեջ և մշակութային երկխոսության ժեստ է երկու երկրների համար։