Այսօր` հունվարի 21-ի ժամը 18։00-ին, Թբիլիսիի քաղաքային խորհրդի Թամար թագուհու անվան սրահում բացվեց Սերգո Փարաջանովի անվան ստեղծագործական մրցույթի մասնակիցների ցուցահանդեսը, և կայացավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Ցուցահանդեսում ներկայացված էին գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքներ: Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցիչներ, արվեստի ոլորտի գործիչներ, արվեստասերներ և այլ հյուրեր:
Մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեցին պատվոգրեր և մրցանակներ լավագույն աշխատանքների հեղինակներին: Դեսպան Սմբատյանն իր ելույթում ընդգծեց մշակութային կապերի ամրապնդման և երիտասարդ տաղանդների խրախուսման կարևորությունը՝ նշելով, որ Սերգո Փարաջանովի անունը հավերժ կմնա հայ և համաշխարհային մշակույթի պատմության մեջ:
Մրցույթին աջակցել են Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, Իլիայի պետական համալսարանը, Ապոլոն Քութաթելաձեի անվան գեղարվեստի պետական ակադեմիան, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը, Վիրահայոց թեմը, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը և Թբիլիսիի սակրեբուլոն։

Առաջին հորիզոնականը գրաված Էռնա Դոլմազովին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում հիացմունքով հայտնեց, որ այսօրվա հաջողությունը իր համար մեծ պատիվ է և իրականություն դարձած երազանք.
«Բավականին շատ աշխատանքներ ունեմ. երբ որոշեցի առաջին անգամ մասնակցել մրցույթին՝ 10-րդ հոբելյանական տարին էր. այդ ժամանակ զբաղեցրի երկրորդ տեղը։ Հետո էլի եմ մասնակցել, եղել եմ «Ժյուրիի պատվավոր ընտրություն»-ը, երեք օրով ուղևորվել ենք Երևան և անմոռանալի օրեր անցկացրել այնտեղ։ «Ինեսայի պորտրետը» (ներկայացված աշխատանքի վերնագիրն է — հեղ.) ստեղծել եմ հենց Փարաջանովի ծննդյան օրը»,- պատմեց Դոլմազովին։

«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց օրվա կարևորության մասին։ Նրա խոսքով՝ Փարաջանովը եղել է թբիլիսյան մշակույթի մի մաս, բայց, ցավոք, իրենից Թբիլիսիում ժառանգություն չի մնացել։
«Այս ցուցահանդեսի միջոցով մենք փորձում ենք իր ժառանգությունը և իր մասին տեղեկատվությունը տարածել հասարակության մեջ, իրազեկել երիտասարդ սերնդին և խրախուսել, որ ճանաչեն Փարաջանովի ստեղծագործական աշխարհը, հետաքրքրվեն նրանով և ինչու ոչ՝ հայտնաբերենք նոր ստեղծագործողների», — հավելեց Առաքելովան։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ երեկոյից.









