Թբիլիսիում նշվեց Եվրոպայի օրը

Այսօր` մայիսի 9-ին, Թբիլիսիում հանրային մեծ միջոցառմամբ նշվեց Եվրոպայի օրը։

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հրավեր էր ուղարկել տարբեր կազմակերպությունների, եվրոպական երկրների դեսպանությունների և բոլոր քաղաքացիներին, ովքեր ցանկանում էին միանալ տոնական միջոցառումներին։

«Էքսպո Ջորջիա»-ի տարբեր հատվածներում ժամը 12-ից մեկնարկեցին ցուցադրություններ, եվրոպական ուտելիքի և խմիչքի համտես, խաղ-վիկտորինաներ, սեմինարներ։ Ինտելեկտուալ և սպորտային խաղերի մասնակիցներին տրվեցին հուշանվերներ Եվրոպայի խորհրդանշանով:

Տարբեր տարիքի անձանց համար կային տարատեսակ ժամանցային, տեղեկատվական միջոցառումներ։ Տեղի ունեցավ նաև կոնֆերանս, որտեղ երիտասարդները քննարկում էին իրենց հուզող խնդիրները և առաջարկում լուծումներ։

Առանձին տաղավարում գործում էր ցուցահանդես, որտեղ կային լուսանկարներ Թբիլիսիում անցկացվող եվրոպամետ ցույցերից։ Լուսանկարները դիտեց նաև Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այստեղ են: Ես իրոք հպարտ եմ լինել մասնակիցն այս ցուցահանդեսի, մենք այստեղ ունենք արվեստի տարբեր նմուշներ: Շատ նմուշներ, լուսանկարներ վերջին 10 տարվա ընթացքում են ստեղծվել», — ասաց նա: