Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և Վրաստան ներմուծման մեղադրանքով։
Ըստ գործակալության՝ ձերբակալվածը Իրանի քաղաքացի, 1990 թվականին ծնված Ա.Խ.-ն է։
Քննության համաձայն՝ մեղադրյալի անձնական և ձեռքի ուղեբեռի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են հերմետիկ փակված տարաներ։ Տարաների մեջ թաքցված է եղել 1 կիլոգրամ 300 գրամ «մարիխուանա»։ Առգրավվել են նաև հոգեմետ նյութեր պարունակող հաբեր։
Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով. 260-րդ հոդված՝ թմրանյութերի ապօրինի ձեռքբերում և պահպանում և 262-րդ հոդված՝ թմրանյութերի ապօրինի ներմուծում Վրաստան։
Այս հոդվածները համարվում են ծանր հանցագործություններ, և կալանավորին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։