2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջինն են «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց ի վեր, երբ Թբիլիսին չի հրավիրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությանը, որի եզրակացությունը ամենահուսալի կողմնացույցն է ամբողջ միջազգային հանրության համար։
2014 թվականին էր միայն, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ինքը առաքելություն չուղարկեց՝ վկայակոչելով կազմակերպության ներքին ֆինանսական խնդիրները՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։
«Հաշվի առնելով արդյունավետ դիտորդական առաքելություն կազմակերպելու և դիտորդներ տեղակայելու համար մնացած սահմանափակ ժամանակը, ԺՀՄԻԳ-ն այլևս ի վիճակի չէ անցկացնել համապարփակ և իմաստալից ընտրությունների դիտարկում։ Որպես ԵԱՀԿ մասնակից պետություն՝ Վրաստանը պարտավորվել է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ միջազգային չափանիշներին համապատասխան։ Չնայած ԺՀՄԻԳ-ը չի մեկնաբանում այն ընտրությունները, որոնք չի դիտարկում, մենք կշարունակենք հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին մեր մանդատով սահմանված բոլոր ոլորտներում», — ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։
Հունիսի 18-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս կոչ արեց «Վրացական երազանք»-ին՝ հրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությանը՝ այս տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու համար։
Վրացի վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ և հասարակության որոշ անդամներ մտահոգություն են հայտնել այս այն առիթով, որ դիտորդական առաքելությունը հրավիրված չէ ՏԻՄ ընտրություններին:
Բրիտանիայի դեսպանատան կոչից հետո Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «ընդհանուր առմամբ ընդունված չէ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հրավիրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու համար», և որ այս դեպքում «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աշխատանքային ծանրաբեռնվածությունը չափազանց մեծ կլինի»։
Ավելի վաղ «Վրացական երազանք»-ի առաջնորդ և արդեն ՊԱԾ ղեկավար Մամուկա Մդինարաձեն խոսել էր առաջիկա ՏԻՄ ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ դա որոշիչ դեր չի խաղում:
«Կարող ենք հրավիրել, կարող ենք՝ ոչ։ Դա մենք ենք որոշելու», — հայտարարել էր Մդինարաձեն։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ինքն էլ մեծ ցանկություն չի հայտնել դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Դրանից հետո՝ հուլիսի 7-ին հրապարակված հայտարարության մեջ ԺՀՄԻԳ-ը «ափսոսանք է հայտնել Վրաստանի իշխանությունների կողմից հայտարարված մտադրության համար՝ չհրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկել, ինչը շեղում է Վրաստանի վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատված և հետևողական պրակտիկայից»։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը նշեց՝ այն փաստը, որ ո’չ միջազգային, ո’չ էլ տեղական լրջագույն դիտորդական առաքելությունները չեն լինելու կայանալիք ՏԻՄ ընտրություններում, նշանակում է, որ այս ընտրությունների մակարդակը, որակը և թափանցիկությունը հարցականի տակ է, նաև սահմանափակում է միջազգային հանրության կողմից ընտրությունների լեգիտիմությունը ճանաչելու հավանականությունը:
«Այս տարվա ՏԻՄ ընտրությունները շատ ավելի սահմանափակ է նախկին՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից, որտեղ չնայած կային ինչպես միջազգային, այնպես էլ տեղական դիտորդական առաքելություններ, միևնույն է՝ ընտրությունները ավարտվեց շատ լուրջ խախտումներով և խնդիրներով», — նշեց Թումասյանը:
Հատկանշական է՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը դիտարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում դեռևս 2006, 2010, 2017 և 2021 թվականներին։
ԿԸՀ ժամանակացույցում միջազգային դիտորդական կազմակերպությունների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է, իսկ տեղական դիտորդական կազմակերպությունների համար՝ սեպտեմբերի 24-ը։
Այս փուլում ԿԸՀ-ում գրանցված է միայն մեկ տեղական դիտորդական կազմակերպություն՝ «Զարգացման քաղաքացիական դաշինք» կազմակերպությունը։
«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) ոչ կառավարական կազմակերպությունը ևս, որը 30 տարի հետևում է ընտրական միջավայրին, օգոստոսի 21-ին հայտնեց, որ 2025 թվականին ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը զգալիորեն սահմանափակ է։ Կազմակերպությունը գնահատել է նախընտրական միջավայրը՝ օգտագործելով մի քանի չափանիշներ։ Կազմակերպությունը հայտարարել է, որ չի դիտարկելու 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները ստանդարտ դիտորդական առաքելությամբ և մեթոդաբանությամբ։
Պատճառը երկրում ստեղծված միջավայրն է. ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանները հիմնականում չեն ապահովվում։
Այնուամենայնիվ, կազմակերպությունը շարունակում է վերահսկել և գնահատել ընթացող քաղաքական և ընտրական գործընթացները։
Ամփոփելով դիտորդական կազմակերպությունների բացակայության հարցը ՏԻՄ ընտրություններում և նախընտրական միջավայրը, «Հայ համայնքային հարթակ»-ի նախագահը նշեց.
«Այս ամենը նշանակում է, որ այս ընտրությունների լեգիտիմության հարցը շատ ավելի մեծ է, քան խորհրդարանական ընտրություններւմ էր, որն էլ իր հերթին հարցականի տակ է դնում նաև իշխանության ներկայացուցիչների օրինականությունը»:
Ինչ վերաբերում է նախընտրական միջավայրին, ISFED-ի կարծիքով, Վենետիկի հանձնաժողովի ընտրական նորմերի օրենսգրքի երեք պայմանները, որոնք ներառում են հիմնարար իրավունքների հարգումը, ընտրական օրենսդրության կայունությունը և ընթացակարգային երաշխիքների առկայությունը, մեծ մասամբ չեն ապահովվում, ինչը զգալիորեն սահմանափակում է ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։